Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմավարական դաշնակցի» ու «Գազպրոմի» խորիմաստ լռությունը

Փետրվար 10,2016 15:30

Ռուսական կողմը ՀՀ կառավարության դիմումն արհամարհո՞ւմ է

Իրանը էլեկտրափոխանցման լարերի երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հնարավորությունը՝ հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին: Նա հիշեցրել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ համատեղ համաձայնագրի հիման վրա գոյություն ունի օրական մինչեւ 5 մլն խորանարդ մետր գազամատակարարում ավելացնելու հնարավորություն: Պաշտոնյան նկատի է ունեցել այս հնարավորությունը, երբ ավարտին հասնի Հայաստան-Իրան բարձրավոլտ լարման 400 կիլովատտ հզորությամբ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Պաշտոնական Թեհրանը շարունակում է Հայաստանի զարգացման տեսանկյունից ուշագրավ ուղերձներ հղել ժամանակ առ ժամանակ՝ կարծես, ամեն անգամ հասկացնել տալով, որ Հայաստանը կարող է հիմնվել Իրանի հետ նոր մակարդակի փոխշահավետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունների վրա:
Մինչդեռ նույնը չի կարելի ասել ռուսական կողմի համար:

«Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը»,- փետրվարի 4-ին ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «ՀՀ տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն եւ խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության եւ բնակչության համար եւս գները պետք է լինեն մատչելի եւ շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը եւ իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության եւ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը»:

Այս թեմայով հրապարակային հայտարարություն Հայաստանից արդեն երկրորդ անգամ է հնչում: Երեք շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով: Հունվարի 16-ին Հ. Աբրահամյանն ընդունել էր կենցաղային ապրանքների եւ սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների: Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության եւ աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Գործարարները խնդրել էին վարչապետին, ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ին` ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Վարչապետն ընդգծել էր, որ ՌԴ-ի եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից, եւ նշել էր, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ իշխանություններին եւ հաշվի առնելով ՌԴ-ի հետ Հայաստանի գործընկերության ռազմավարական բնույթը՝ ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:
Պաշտոնական Երեւանն արդեն երկրորդ անգամ գազի գնի հարցը հրապարակայնացնում է, իսկ «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանն ու «Գազպրոմ-Հայաստանը»`շարունակում են համառորեն լռություն պահպանել:

«Գազպրոմ»-ը սպառնացել է դադարեցնել Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարումը

Ինչպես հայտնի է, Վրաստանի գազի շուկան գրեթե ամբողջությամբ սպասարկվում է Ադրբեջանի կողմից: Թբիլիսին ձգտում է փոխել իր տարածքով տարանցիկ անցնող գազից ստացվող եկամուտները գումարայինի եւ շահագրգռված էր, որպեսզի Հայաստանն ավելի շատ գազ ստանա Ռուսաստանից:

«Գազպրոմը», որն ամբողջովին վերահսկում է Հայաստանի գազային համակարգը, օգտագործում է Իրանից գազ ստանալու Հայաստանի հնարավորությունները` Վրաստանի հետ բանակցություններում: Պարզվում է, Հայաստանի՝ իրանական գազ ստանալու հնարավորության մասին խոսել է հենց Ալեքսեյ Միլլերը:

Վրաստանի հետ բանակցությունների տապալման դեպքում «Գազպրոմ»-ը սպառնում է դադարեցնել «Հյուսիս-Հարավ» մագիստրալային գազատարով Հայաստան իրականացվող մատակարարումները՝ փոխարենը Հայաստան-Իրան խողովակաշարի միջոցով հայկական շուկան ապահովելով իրանական գազով. վերջերս նման հայտարարությամբ էր հանդես եկել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: «Գազպրոմ»-ը մեզ առաջարկում է անցնել ֆինանսական վճարների մեխանիզմին: Դուք գիտեք, որ այժմ Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը Վրաստանում է մնում՝ որպես տարանցման վճար: Ռուսական կողմը այժմ մեզ առաջարկում է կոնկրետ գումար տրամադրել, այլ ոչ թե գազ: Մեզ համար դա նորություն էր, եւ մենք այդ տարբերակի հետ կտրականապես համաձայն չէինք: Մեր անհամաձայնությանն ի պատասխան, սակայն, «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարելու Իրանի տարածքով»,- նշել էր Կալաձեն՝ ռուսական կողմի այս պնդումը որակելով որպես վերջնագիր: «Մեր նախարարությունը վերլուծեց, թե որքանով է իրատեսական մեզ ներկայացված վերջնագիրը` պարզելով, որ «Գազպրոմ»-ն այսօր Իրանով կարող է Հայաստան մատակարարել մոտ 1 միլիարդ խորանարդ մետր գազ: Որոշակի տեխնիկական աշխատանքներից հետո նրանք կարող են ամբողջությամբ բավարարել հայկական շուկայում առկա պահանջարկը»,- ասել էր Կալաձեն: Վրաստանի էներգետիկայի նախարարը նաեւ ընդգծել է, որ վրաց մասնագետների գնահատականով՝ տարանցման վրացական ուղուց հրաժարվելու դեպքում մոտ մեկ տարի շարունակ Հայաստանը գազի պակասորդի կբախվի:

Կալաձեի այս հայտարարությունը հնչել էր նրա` Վիեննա մեկնելուց առաջ, որտեղ Վրաստանի էներգետիկայի նախարարը պետք է հանդիպեր «Գազպրոմ»-ի արտահանումների գծով գլխավոր պատասխանատուի՝ «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության տնօրեն Ելենա Բումիստրովայի հետ: Իսկ վրացական աղբյուրները պնդում էին՝ բանակցությունների ընթացքում հիմնական տարաձայնությունները կրկին առնչվելու են Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարներին:

Հիշեցնենք, որ Վրաստանը 2007-ին վերջնականապես հրաժարվել է «Գազպրոմից» գազ գնելուց: Կ. Կալաձեի խոսքով` ռուսական գազի մատակարարումների ծավալն ավելացնելու դեպքում անգամ Ադրբեջանը շարունակելու է մնալ Վրաստանի կապույտ վառելիքի թիվ մեկ մատակարարը եւ ռազմավարական գործընկերը:

Այսպես, ռուսական կողմը ցանկանում է տարանցման համար ոչ թե գազով, այլ դրամով վճարել` հաշվի առնելով միջազգային շուկայում գազի գնի անկումը: Իսկ Հայաստանը, ինչպես ասում են, «վայելում» է ռուսական էներգետիկ համակարգի մենաշնորհային դիրքի պտուղները:

Դեռ խոստանում են բարձրացնել ՀՀ էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային ինտեգրման խորացման մակարդակը

Ինչպես երեւում է, ռուսական կողմը պաշտոնական Երեւանի ոչ առաջարկներին ու հայտարարություններին է արձագանքում, ոչ էլ հայկական կողմին տեղեկացնում է, թե ինչ են բանակցում վրացական ու իրանական կողմերի հետ:

Հունվարի վերջին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցում էր ուղարկել Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման շուրջ «Գազպրոմ»-ի եւ Իրանի միջեւ ընթացող փոխանակման գործողությունների քննարկման վերաբերյալ: Պատգամավորը հետաքրքրվել էր, որ Ռուսաստանը՝ ի դեմս «Գազպրոմ»-ի, եւ Իրանը փոխանակման գործողություններ են քննարկում Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման շուրջ, եւ ցանկացել էր ճշտել, թե հայկական կողմը ի՞նչ տեղեկություններ ունի վերոնշյալ բանակցությունների վերաբերյալ, արդյոք ՀՀ կառավարությունը մեր պետության էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցի քննարկմանը որեւէ մասնակցություն ունի՞: Խաչատուր Քոքոբելյանին ՀՀ կառավարությունից մասնավորապես պատասխանել էին հետեւյալը. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը սերտորեն համագործակցում է ինչպես Իրանի նավթի նախարարության եւ Իրանի էներգետիկայի նախարարության, այնպես էլ Վրաստանի էներգետիկայի նախարարության եւ ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի հետ։ Էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացումները մեր կողմից հետեւողականորեն ուսումնասիրվում եւ վերլուծվում են, եւ պատեհ պահին հայկական կողմը կներգրավվի մեր երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը նպաստող ցանկացած գործընթացում։ Մեր կողմից արվում է հնարավոր առավելագույնը` բարձրացնելու ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման խորացումն ու ընդլայնումը։ Դրա մասին է վկայում նաեւ 2015թ. դեկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված էլեկտրաէներգետիկայի բնագավառում համագործակցության մասին քառակողմ փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ ՌԴ էներգետիկայի նախարարությունների միջեւ»։

Անցյալ տարի դեկտեմբերի վերջին Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Ռուսաստանը պայմանավորվեցին ստեղծել համակարգող խումբ, որն աշխատելու է չորս երկրները կապող էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը մանրամասնել էր, թե խոսքը էլեկտրաէներգիայի մեծածավալ փոխանակման մասին է: Այս հարցի շուրջ Երեւանում բանակցություններ ընթացան, եւ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի, Իրանի ու Վրաստանի էներգետիկայի նախարարները եւ ռուսաստանյան «Ռուսական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հաղորդման համաձայն՝ նախատեսվում է մինչեւ 2018թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծը, ինչի արդյունքում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը 2021թ.-ին կկազմի 700 ՄՎտ: 2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաեւ Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման՝ թվով երրորդ բարձրավոլտ գիծը, որի կառուցումը սկսվեց այս օգոստոսին, եւ որի ավարտից հետո հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու հարեւանների միջեւ հասցնել մինչեւ 1200 ՄՎտ հզորության։
«Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք լիարժեք ձեւով իրականացնել այն պայմանագիրը, որը առկա է՝ գազ ստանում ենք, դիմացը էլեկտրաէներգիա ենք ուղարկում Իրան՝ հասցնելով այդ թիվը, ըստ պայմանագրի, մինչեւ 6.9 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի»,- նշել էր փոխնախարարը` հավելելով. «Առկա ծավալները հիմա 1 միլիարդ 200 միլիոնի սահմաններում են»:

Ամփոփումը` վաղվա համարում

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29