Լրահոս
Օրվա լրահոսը

«Արշակյան եղբայրները» Ներքին չարբախցիներին զրկել է տրանսպորտից

Փետրվար 10,2016 15:00

Այս ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ 67 համարի ուղեգիծը չի սպասարկում,
քանի որ չի կարողացել վարկերի ու հարկուտուրքերի տակից դուրս գալ:

Երկու-երեք տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը թարմացրեց, նորացրեց, սակայն վառելիքի թանկացման, տրանսպորտային միջոցների մաշվածության, դրանք վերանորոգելու համար միջոցների բացակայության եւ վնասով աշխատելու պատճառով քաղաքային տրանսպորտը շահագործող ընկերությունները մեկը մյուսի հետեւից սկսում են կա՛մ սնանկանալ, կա՛մ այլ գործունեությամբ զբաղվել՝ հասկանալով, որ ուղեւորափոխադրումն իրենց համար այլեւս շահութաբեր չէ:

Ուղեւորափոխադրողը բիզնեսմեն է, եւ ոլորտը շահագործելու համար նրան միայն մի բանով կարելի է շահագրգռել՝ ակնկալվող շահույթով. նա բարեգործ չէ, որ իր հաշվին կամ լավագույն դեպքում՝ առանց շահույթի աշխատի: Մնում է տրանսպորտային ցանցի աշխատանքները համակարգող, հարկային եւ այլ պետական մարմինները ուղեւորափոխադրողի գործունեության, հարկուտուրքերի այնպիսի քաղաքականություն մշակեն, որպեսզի այդ խնդիրները սովորական ուղեւորի գլխին չթափվեն: Մեկ ուղեւորափոխադրող ընկերության չաշխատելով հազարավոր ուղեւորներ անհարմարությունների առաջ են կանգնում:

Օրերս հերթական ընկերությունը՝ «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որը թիվ 67 երթուղագծի շահագործողն է, դադարեցրել է աշխատանքները՝ ուղեւորներին կանգնեցնելով տեղաշարժման դժվարությունների առաջ: «Արշակյան եղբայրները» դատարանով սնանկ է ճանաչվել, եւ որպեսզի կուտակած պարտքերը վճարի, աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող միկրոավտոբուսները եւ այլ գույքը, ինչի հետեւանքով էլ այս համարի երթուղայինն արդեն 9 օր է՝ չի աշխատում:

Ֆինանսների նախարարությունը 29.01.2016թ.-ին դիմել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն՝ առաջարկելով թիվ 67 երթուղու միկրոավտոբուսներին չտրամադրել ուղեգրեր: Քաղաքապետարանն այդպես էլ արել է. այդ մասին տեղեկացրել է «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ին եւ այս տարվա փետրվարի 1-ից շահագործողին արգելել գիծ դուրս գալ: «Առավոտի» հետ զրույցում այս ամենը պարզաբանեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Ինչպես փաստում են այդ երթուղագծից օգտվող ուղեւորները, 67 միկրոավտոբուսի չշահագործվելու մասին իրենց որեւէ կառույց տեղյակ չի պահել: Ժամերով անհույս սպասելուց հետո միայն մարդիկ կա՛մ տաքսու ծառայությունից են օգտվել, կա՛մ իրենց ուզած վայրը հասնելու համար ստիպված են եղել մի քանի տրանսպորտ փոխել: Թիվ 67 միկրոավտոբուսը սպասարկում է Ներքին Չարբախից Հարավարեւմտյան թաղամասով մինչեւ Փարաքար գյուղ: Անցնում է Արարատյան-Շիրակի- Արտաշիսյան փողոցներով, Բագրատունյաց պողոտայով, Սեբաստիայի-Րաֆֆու-Զորավար Անդրանիկի-Օհանովի-Շերամի- Ա. Բաբաջանյան փողոցներով ու Էջմիածնի խճուղով:

Առայժմ թիվ 67-ին որպես այլընտրանք, որը Ներքին Չարբախից կգնա Հարավարեւմտյան թաղամաս, չկա: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պարոն Նավասարդյանը՝ քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկել, որ 67-ի բացակայության պայմաններում թիվ 54 ավտոբուսային երթուղին մտնի եւ անցնի Ներքին Չարբախով, որի ուղեգիծը մինչ այդ եղել է այս թաղամասի կողքով: Հենրիկ Նավասարդյանը նաեւ մատնանշեց թիվ 36 միկրոավտոբուսային երթուղին, որի վերջնականգառը գտնվում է Ներքին Չարբախ գյուղին հարակից տարածքում՝ ասելով, որ հետիոտնի համար այն մատչելիության սահմաններում է՝ բնակելի տներից գտնվելով 400-500 մետր հեռավորության վրա:

«Մենք որոշեցինք 54 համարը մտցնել, որն իր ուղեգծով ուսանողներին ուսումնական հաստատություններին է մոտեցնում, եւ ուսանողությունը կկարողանա ավելի լավ օգտվել»,- ասաց տրանսպորտի վարչության պետը:

Մեր այն դիտարկմանը, թե 54 ավտոբուսը միանգամայն այլ ուղեգծով է գնում եւ այլընտրանք չէ թիվ 67 ուղեգծին, պարոն Նավասարդյանն ասաց, որ Հարավարեւմտյան թաղամաս չի գնում եւ անհրաժեշտություն էլ չկա գնալու. «Դեպի կենտրոն եկող տրանսպորտային միջոցների անհրաժեշտությունն ավելի շատ է, քան Հարավարեւմտյան թաղամասի: Բայց Հարավարեւմտյան թաղամասին այլընտրանքային ունենք՝ 36 համարի միկրոավտոբուսային երթուղին, որը կանգնում է Ներքին Չարբախ գյուղի սեփական տների հարեւանությամբ: Այլ, նոր երթուղի այսօր գտնել անհնարին է, քանի որ ցանկացողներ չկան»:

Մեր այն դիտարկմանը, թե 54-ի եւ 36-ի դեպքում էլ բնակչությունը դժգոհում է, ասում է, որ նպատակահարմար չէ այդ երթուղիներից օգտվելը, քանի որ 54-ի դեպքում ոչ միայն Հարավարեւմտյան թաղամաս չեն կարողանում գնալ, այլեւ ավտոբուսը մշտապես գերբեռնված է եւ ժամը 7-8-ից հետո էլ չի սպասարկում, իսկ 36 միկրոավտոբուսի կանգառ հասնելու համար Ներքին Չարբախի ամենահեռավոր հատվածից ուղեւորը 7 կանգառի չափ պետք է ոտքով քայլի, Հենրիկ Նավասարդյանն ասաց. «Գիտենք, բնակիչների այդ դժգոհություններին մենք էլ ենք ծանոթ, առաջիկա շաբաթում հարցը կքննարկենք, այլընտրանքային երթուղի կգտնենք, որպեսզի այդ տարածքի բնակիչները մինչեւ ուշ ժամի սպասարկվեն: Վերջնական լուծումը պետք է գտնենք: Կարող է 67 համարի գիծն էլ փակման գնա, բայց չենք ուզի, որ նման բան լինի»:

Մեր այն հարցին, թե ե՞րբ է 67 համարի երթուղագծի համար նոր մրցույթ հայտարարվելու կամ, առհասարակ, այս ուղեգծի համար մրցույթ լինելո՞ւ է, պարոն Նավասարդյանն ասաց, որ եթե ցանկացած օր որեւիցե մեկը դիմի այդ գիծը շահագործելու, քաղաքապետարանը պատրաստ է ժամանակավորապես թույլտվությունը տալու, մինչեւ որ նախատեսված ընթացակարգով 67-ի համար մրցույթը կանցկացվի. «Օրենքը թույլ է տալիս նման դեպքերում մեկ այլ կազմակերպության թույլատրել, այսինքն՝ մեկ այլ կազմակերպության միջոցով սպասարկել՝ մինչեւ մրցույթի անցկացումը: Սակայն արդեն 9-10 օր անցել է, բայց որեւէ մեկը ցանկություն չի հայտնել գիծը սպասարկելու»:
Այս ուղեգծի շահագործողը՝ «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը, որն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, տարբեր առիթներով նշել է, որ իր կազմակերպության սնանկացման պատճառը ուղեվարձի ցածր լինելն է, ինչի հետեւանքով էլ ընկերությունը պարտքեր է կուտակել եւ չի կարողացել հարկուտուրքերի տակից դուրս գալ: Այսինքն՝ պարոն Արշակյանն անուղղակի փաստել է, որ հարկուտուրքերն են այնքան բարձր, որ տնտեսվարողը անգամ գերբեռնված երթեւեկելու պարագայում չի կարողացել դրանք պատճաշ կատարել:

Ինչպես տեղեկանում ենք այս երթուղու չվացուցակից, միկրոավտոբուսները երթուղի են դուրս եկել 5-6 րոպեն մեկ, այդ տարածքում բնակվող ուղեւորների խոսքերով՝ ամեն անգամ էլ միկրոավտոբուսը գիծ է դուրս եկել ուղեւորներով լեփ-լեցուն, քանի որ Ներքին Չարբախի բնակիչների կապը Հարավարեւմտյան թաղամասի հետ մշտապես եղել է. այդ թաղամասի մարդիկ իրենց առեւտուրը կատարում են Մալաթիայի տոնավաճառից, մյուս շուկաներից, հետեւաբար ուղեւորների պակաս 67-ը չի ունեցել:

Մեր այն հարցին, թե օրական որքա՞ն ուղեւոր է սպասարկել թիվ 67 երթուղու մեկ միկրոավտոբուսը, պարոն Նավասարդյանն ասաց, որ, առհասարակ, միջին հաշվով ամեն մի մեքենան օրական սպասարկում է 250-260 ուղեւորի, իսկ 67-ի դեպքում այդ թիվը կարող է լինել 240-250: Այսինքն՝ այնքան, որքան մյուս ուղեգծերում:

Պարոն Նավասարդյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե այս կամ այն երթուղագծի շահագործումը դադարեցնելիս ինչո՞ւ տեղյակ չեն պահում բնակչությանը, որպեսզի մարդիկ կանգառներում անտեղի ժամանակ չվատնեն այս կամ այն երթուղայինին սպասելիս, կամ ինչո՞ւ կանգառասրահներում այդ մասին տեղեկատվություն չեն փակցնում, տրանսպորտի վարչության պետը կոնկրետ 67 համարի դեպքով ասաց. «Հաշվի առնելով, որ վերը նշված գրությունը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանում է հասել փետրվարի 1-ին, երթուղու աշխատանքի դադարեցման մասին բնակիչներին նախապես հնարավոր չի եղել տեղեկացնել»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. hay says:

    38 ավտոբուսը չի գործում, ինչու? ինչի համար? ինչն է պատճառը?

    Ուշատրություն դարձրեք 38 համարի ավտոբուսների վրա, քանի որ նրանք չեն գործում, և ժողովուրդն էլ ժամերով սպասում է, և վերջում ստիպված է լինում 2 տրանսպորտ փոխել: մեկ անգամ ժողովուրդը բողոքեց, և հաջորդ օրը երեկոյան 8-ն էր, բայց դեռ գործում էինյ: միայն այդ օրը գործեցին: ամենավատ գիծն է:
    կարգավորեք, կամ փակեք, նոր կայուն գիծ բացեք: Քանի որ այսօր առավոտյան 50 րոպե կանգնել ենք սառնամանիքին, ոտքով հասել ենք Բագրևանդից-Նոր Նորքի հանրակացարաններ 38 ավտոբուս նստելու ակնկալիքով: բայց չկար ու չկար: ստիպված ոտքով 1 կիլոմետր ճանապարհ կտրելով հասել ենք Գայի արձան, մոտ 30-40 հոգի սպասում եինք, և բոլորս կազմակերպեցինք և հույսներս կտրեցինք 38 ավտոբուսից ու իջանք Գայի արձան, որ 15, 53, 42 ավտոբուսներից մեկը նստենք: և առանց խնդիր լինելու նստեցինք: իսկ ինչու 38-ը այդպես չի գործում: փդած ավտոբուսներով` բառից բուն իմաստով, և դասից ուշանալով, գործի տեղը նկատողություն, և այլն…
    և գործից ետ գալիս` 3-րդ մասի հրապարակից, սպասելով 38 ավտոբուսին կրկին, գիտեք ինչքան սպասեցի. ,,,,,70 րոպե,,,,,,, պատկերացնում եք? խեղջ ժողովուրդը սառած, մրսած, հոգնած հասան 38-ի վրա որ նստեն, և մի կերպ խցկվեցին ներս այնքան սպասող կար դրան: և ոչ ոք չհարցրեց վարորդին, թե ինչու 70 րոպե չկաք:

    —սրանք էլ նախկին օրերին կրկին 38-ի չլինելու հետևանքով—
    Մեկա էլի 2 տրանսպորտ ենք նսռում, և չենք սպասում 38 ավտոբուսին: Այն 30 րոպեից շուտ չի գալիս, նույնիսկ 45-60 րոպե: Մի 5 րոպե քչացրել են ինտերվալը, բայց մեկա վատ ա աշխատում, նոր տրանսպորտ է պետք որ նորմալ աշխատի, նույնիսկ հանգստյան օրերին, 18,00-ից հետո չի աշխատում, գոնե մարշրուտնի դրեք, գոհ կլինենք: Շնորհակալություն

    54 ավտոբուսները մեզ շատ են սպասեցնում, և 2 տրանսպորտ ենք նստում, կարգավորեք:

    Շատ Խնդրում ենք հարգելի տրանսպորտի նախարարություն 38 համարին մեծ ուշադրություն դարձրեք, ինչու պետք է առավոտյան աշխատանքի գնալիս 50 րոպե սպասենք 38 ավտոբուսին մասիվից Ռոսիա, 3-րդ մաս, 1-ին մաս գնացող միակ ավտոբուսն է 2-րդ մասիվի հանրակացարաններից, հերիք չի գործից ուշացա և նկատողություն տվեցին, ուսանողներն էլ ամեն օր նույնը, խնդրում ենք շատ, միակ տրանսպորտն է, ինչու եք վատացրել այս գիծը` հին ավտոբուսներ դնելով, 50 րոպե ինտերվալ դնելով:
    Փեթակից էլ ժամը 4-ին սպասում եմ 38-ին 55 րոպե հետո նոր եկավ: բայց 42, 53, 15 ավտոբուսները այդ նույն տեղից մյուս մասիվներ գնացող, գալիս են 10 րոպեն մեկ:
    Ինչու պետք է այսպես վատ լինի տրանսպորտը: ու մինչև 18.00-ն է աշխատում, և երկուշաբթի-ուրբաթ օրերին միայն: խնդրում ենք կարգավորեք հարգելի տրանսպորտի նախարարություն…
    xndrum enq mi nor ertuxi baceq kentron gnacox, lini marshrutni, vor 70 rope chspasenq. chnayac el chenq spasum, miangamic 2 transport enq poxum, gnaluc el galuc el. xndrum enq ete hnaravor e.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29