Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեգործությունն այնքան էլ չի տուժել ճգնաժամից»

Փետրվար 10,2016 12:00

Հարցազրույց «Օրրան» բարեգործական ընկերության հիմնադիր
Արմինե Հովհաննիսյանի հետ

– Ինչպե՞ս է դիմակայում «Օրրանն» ահագնացող տնտեսական ճգնաժամին, արդյոք ավելացե՞լ է «Օրրան» դիմողների թիվը:

– Հայաստանում ահագնացող տնտեսական ճգնաժամի հետեւանքները զգում է յուրաքանչյուր քաղաքացի: Քանի որ «Օրրանը» հանձն է առել հոգալու ծայրահեղ կարիքավոր մարդկանց հոգսերը, բնականաբար առաջիններից է, որ զգում է ճգնաժամի դժվարությունները: Եթե մեկ տարի առաջ մարդիկ դիմում էին դրամական աջակցություն ստանալու՝ ուսման, դեղորայքի կամ բնակարանի վարձի համար, ապա այժմ ցանկանում են սնունդ եւ հագուստ: Ավելի շատ սնունդ՝ ցավոք: «Օրրանն» իր գործունեության 15 տարիների ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ աջակիցների եւ բարեկամների, որոնց մշտական աջակցության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հաջողությամբ իրականացնել մեր առաքելությունը: «Օրրան» են հաճախում բազմաթիվ երիտասարդ կամավորներ թե՛ Հայաստանից, եւ թե՛ Սփյուռքից: Ներգրավված լինելով «Օրրանի» կրթական եւ մշակութային ծրագրերում՝ նրանք օգնում են երեխաների դասապատրաստման եւ այլ միջոցառումների իրականացմանը:

-Ի՞նչ նոր ծրագրեր եւ նախագծեր է պատրաստել «Օրրանն» այս տարի

-Այս տարի «Օրրանը» նախապատրաստել է մի հետաքրքիր նախագիծ, որը կոչվում է «Իմ մասին»: Այն իրականացվելու է Austrian Developement Agency եւ Interkulturulles Zentrum ավստրիական կազմակերպությունների հովանավորությամբ, որին մասնակցելու են հայկական եւ վրացական հասարակական կազմակերպությունները: Մենք կազմակերպելու ենք պրոֆեսիոնալ թատերական խմբակ՝ «Օրրանի» երեխաների համար, որոնք կշրջագայեն եւ կմասնակցեն միջազգային փառատոնների: Ամռանն էլ կկազմակերպվի Առաջնորդների ամառային դպրոց, մասնակիցների մեջ կսերմանենք նախաձեռնողականություն, նրանց կտանք գիտելիքներ՝ իրենց իրավունքների վերաբերյալ: «Օրրան» հաճախող այն շահառու երեխաները, որոնք հետաքրքրություն կունենան լրագրության հանդեպ, հնարավորություն կունենան մասնակցելու լրագրողական խմբակին, որտեղ կսովորեն լրագրության արվեստը եւ նրբությունները:

– Իսկ ինչո՞վ նշանավորվեց անցած տարին «Օրրանի» համար:

– 2015 թ. «Օրրանն» ունեցավ նորանոր աջակիցներ եւ բազմաթիվ երիտասարդ կամավորներ Սփյուռքից եւ Հայաստանից: Հատկանշական էր հատկապես այն, որ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր լեգենդար կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները»(Wake Up the Souls)՝ շրջագայության ընթացքում, նվիրաբերեց «Օրրանին»: Նշանակալի էր նաեւ «Օրրանի» երեխաների համար One Armenia-ի կողմից 100 պլանշետ նվեր ստանալը:

– Հետաքրքիր է՝ արդյոք տնտեսական ճգնաժամը կրճատե՞լ է բարեգործությունը:

– Թեեւ տնտեսական ճգնաժամը բազմաթիվ դժվարություններ է ստեղծել, բարեբախտաբար բարեգործությունը դրանից այդքան շատ չի տուժել: «Օրրանի» առաքելությանը շարունակում են աջակցել իր վաղեմի եւ նվիրված գործընկերները՝ ի դեմս ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի, որն ամեն տարի հոգում է «Օրրանի» ողջ ծախսերի 1/3-րդ մասը, եւ ոչ-մի նախաձեռնություն անմասն չի մնում ՎիվՍելլ-ՄՏՍ-ի աջակցությունից: Անչափ ուրախ ենք նաեւ, որ «Օրրանի» առաքելությանը նաեւ միանում են նորանոր գործընկերներ: Անցած տարի «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը, տնօրեն Հրաչ Ջաբրայանի գլխավորությամբ, «Օրրանին» 15 000 դոլարի նվիրատվություն կատարեց, որն ուղղվեց մեր կենտրոններ հաճախող շահառուներին մատուցվող կրթական, սոցիալական, սննդի, հոգեբանական, մշակութային ծառայությունների ծախսերը հոգալուն:

Դեռեւս անցած ձմռանն «Ինեկոբանկն» իր աջակցության ձեռքը մեկնեց «Օրրանին»՝ շահառուներին ձմեռային տաք կոշիկներ ձեռք բերելու եւ սննդի ամանորյա փաթեթներ նվիրելու հարցում՝ ստանձնելով այդ տարվա «Ձմեռ Պապիկի» դերը: Իսկ այս տարի, «Ինեկոբանկն» անմասն չի մնում «Օրրանի» կենտրոններ այցելող շահառուների համար տաքուկ եւ հարմարավետ միջավայր ապահովելու գործում: Այն, որ «Ինեկոբանկը» հանձն առավ՝ հոգալու երեւանյան եւ վանաձորյան կենտրոնների՝ ձմեռային սեզոնի գազի ջեռուցման ողջ ծախսերը, հնարավորություն տվեց շուրջ 200 կարիքավոր երեխաների եւ 85 միայնակ տարեցների տաքություն գտնել «Օրրանի» հարկի տակ՝ ի հեճուկս իրենց ծանր կենցաղային եւ սոցիալական պայմանների: Նման շարունակական աջակցությունը մեզ անչափ ոգեշնչում է՝ իրականացնելու մեր առաքելությունը եւ հավատալու մեր կատարած գործին:

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29