Հայ Առաքելական եկեղեցում փետրվարի 8-ից` Բուն Բարեկենդանից մինչեւ մարտի 27-ը` Սուրբ Զատիկը` պահոց օրեր են: Ըստ եկեղեցական տոնացույցի, տարին բաժանվում է տոնական եւ պահոց`158 օրերի: Պահոց օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր` չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների, եւ շաբաթապահքեր, իսկ ամենաերկարատեւը` Մեծ կամ Քառասնորդացն պահքն է:
Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը` բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ եւ երջանիկ կյանք: Սա Մեծ Պահքի առաջին կիրակին է, որտեղ պատկերվում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Պահքը օրինադրվել է դեռեւս դրախտում, եւ Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):
Բուն Բարեկենդանը կենդանական եւ ճոխ ուտելիքներ օգտագործելու վերջին օրն է: Պահոց երկրորդ կիրակիից մինչեւ Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր, որը նաեւ ունի բազում խորհուրդներ: Նախ` որովհետեւ այս քառասունը սատանայի փորձությունների ժամանակն է, որովհետեւ Քրիստոս քառասնօրյա պահքով հաղթեց փորձող սատանային: Նույնպես եւ մենք քառասնօրյա պահքով հաղթում ենք սատանայի փորձությունները, եւ նա հեռանում է մեզանից, ինչպես ասում է Ավետարանը. «Այդ տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մարկ. Թ 28):
Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարեւոր է հոգեւոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Կարեւոր է նաեւ մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
Կարդացեք նաև
Ըստ եկեղեցական ավանդության` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) եւ ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաեւ բուսական ծագման, սակայն, ճոխ ուտելիքներից` ընդհուպ մինչեւ սոսկ աղուհացով սնվելը: Այդ է պատճառը, որ Մեծ պահքի շրջանը կոչվում է նաեւ աղուհացի շրջան: Երրորդը ծոմն է` միարժամանակ, ընդհանրապես հրաժարումը սննդից եւ անգամ ջրից:
Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել պահքի 7 կիրակիները` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության եւ աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Այդ կիրակիներն են` Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ` Ծաղկազարդ, Վերջին ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:
Այս օրերին Եկեղեցին ծածկում է խորանը վարագույրով եւ արգելում Ավետարանի համբուրումը, որովհետեւ մենք մի ամբողջ տարի մեղքեր գործեցինք` ապրելով սխալական կյանքով ու տկար մարմնով, ինչպես Ադամին մեղքից հետո Տերը զրկեց դրախտից ու Կենաց ծառից: Ադամն ուտելով մեղավոր դարձավ ու արտաքսվեց դրախտից, իսկ մենք մեղավոր եղանք ե՛ւ կերակրի, ե՛ւ մեր գործերի պատճառով, ուստի երկուսի համար էլ պահում ենք:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
09.02.2016