Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը բանտախցում պարբերաբար պատմությունների մեջ է հայտնվում: Այս մասին Aravot.am-ին պատմեց նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
«Ինքը բունտավշչիկ է: Անընդհատ պատմությունների մեջ է ընկնում, որովհետեւ միշտ իր իրավունքների մասին է բարձրաձայնում: Վերջերս վիճել էր հսկիչների հետ, վիրավորել էր նրանց, տարել էին պատժախուց: Ասում են վիրավորանքներ է հնչեցրել աշխատակազմի հասցեին, աղմկել է»,- պատմեց Մուշեղի պաշտպանը:
Մարինե Ֆարմանյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից գրավոր հարցման միջոցով տեղեկացել է, որ Մուշեղի՝ պատժախուց տեղափոխումը նրա վատ վարքի արդյունք է. «Ինձ գրավոր պատասխանեցին՝ վատ վարքագիծ է դրսեւորել, վիրավորել է աշխատակազմին, անհանդուրժողականություն է դրսեւորել, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը՝ մասնավորապես հիմնարկի պետը որոշել է տասը օրով պատժախուց տեղափոխել: Բայց ես ուրախացա, որ նրան պատժախուց տեղափոխեցին, որովհետեւ մինչ այդ կրկին հացադուլ էր անում ու պատժախցում դադարեցրեց հացադուլն, այնտեղ նրան կերակրում էին, մի քիչ տեսքի եկավ, մի պահ շատ էր նիհարել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ