Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարի. «Ես այդքան ռեսուրս չունեմ, որ դրանց դիմադրեմ»

Փետրվար 09,2016 20:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդգես Գասպարին փետրվարի 9-ին գնացել էր Հանրային պաշտպանի գրասենյակ՝ իր դիմումի պատասխանը ստանալու, սակայն այն պատրաստ չի եղել՝ չնայած, որ արդեն անցել է մեկ շաբաթ: Գասպարիի հարցին, թե երբ պատրաստ կլինի, Հանրային պաշտպանի գրասենյակից պատասխանել են, որ չեն կարող ասել:

Ի նշան բողոքի Վարդգես Գասպարին պառկել է Փաստաբանների պալատի շենքի դիմաց (Հանրային պաշտպանի գրասենյակը գտնվում է Փաստաբանների պալատի շենքում)՝ ձեռքին «Հանրային պաշտպա՞ն, թե՞ դատախազության ծպտյալ գործակալ» գրառումը՝ Հանրային պաշտպանի գրասենյակից պահանջելով իրեն պաշտպան չպարտադրել:

Վարդգես Գասպարին Aravot.am-ին հայտնեց, որ երեքշաբթի հանդիպել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանին, նա իրեն հորդորել է չվարկաբեկել Հանրային պաշտպանի գրասենյակը, քանի որ վերջինս դրական աշխատանք է կատարում: Գասպարին նշեց, որ համարում է, որ հանրային պաշտպան նշանակելով՝ դատարանը քաղաքացուն զրկում է բոյկոտելու իրավունքից՝ ինչպես դա տեղի է ունեցել Հայկ Կյուրեղյանի դեպքում. «Քաղաքացին զրկվում է դատարանը բոյկոտելու իր իրավունքից, այ, Հանրային պաշտպանի գրասենյակի ամբողջ խնդիրը դա է: Ես դա շատ անպատվաբեր եմ համարում»:

Վարդգես Գասպարին նշեց, որ մի բան է, որ անօրինականություն է իրականացնում իշխանությունը, մեկ էլ բան է, որ անօրինականություն է իրականացնում ոստիկանությունը եւ լրիվ այլ բան է, երբ անօրինականություն է իրականացնում Փաստաբանների պալատը. «Այդ դեպքը շատ ավելի մեծ մտահոգվելու խնդիր է: Ես, ճիշտն ասած, հիմա չգիտեմ, թե ինչ եմ անելու, բայց կարծում եմ՝ այնուամենայնիվ, մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ անելու եմ այն, ինչ անում եմ: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը այսօր, փաստացիորեն, նախկինում էլ է հայտարարել, որ մենք չենք կարող չկատարել դատարանի կարգադրությունը, իհարկե՛, ինքն ասաց որոշումը, բայց փաստացիորեն այն որոշումը, որ մարդը չի կարող չկատարել, ոչ այլ ինչ է, քան կարգադրություն: Հանրային պաշտպանի գրասենյակը խոստովանում է, եւ եթե այդ քաջությունը կա, այդքանով դրսեւորում է, որ ինքն իր անզորությունն է արտահայտում, որ ինքն ընդամենը պարտավոր է կատարել դատարանի կարգադրությունը: Մյուս կողմից՝ անկեղծ ասած, չգիտեմ, նա կարո՞ղ է դա չկատարել, թե՞ ոչ»:

Անդրադառնալով փետրվարի 15-ին կայանալիք դատական նիստին, որին իրեն պետք է բերման ենթարկեն, Վարդգես Գասպարին ասաց, որ ինքը դատարանը ապօրինի է հայտարարել. «Ես այդքան ռեսուրս չունեմ, որ դրանց դիմադրեմ, կարող են գալ, բռնել, տանել, ես չեմ դիմադրելու»:

Նշենք՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ քննվող գործով արդեն մեկ անգամ  հանրային պաշտպան էր ներգրավվել՝ Մերի Ալավերդյանը: Սակայն Վարդգես Գասպարին դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ եւ հարցրել, թե հատկապես իր ո՞ր արժանիքի համար հենց Մերի Ալավերդյանը պետք է իր շահերը պաշտպանի եւ ոչ թե այն փաստաբանները ում հետ ինքը պայմանագիր է կնքել, ում խնդրել է, որ իր իրավունքները պաշտպանեն, սակայն ըստ նրա, պատասխան չէր ստացել:

Հանրային պաշտպանի գրասենյակը դադարեցրել էր Գասպարիի նկատմամբ իրավական պաշտպանությունը, սակայն դատավոր Բաղդասարյանը որոշեց Գասպարիի պաշտպանության համար կրկին հանրային պաշտպան ներգրավել, որն էլ փետրվարի 2-ին ներկայացել էր դատարան:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»:

Ապա` դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29