Tert.am-ի հետ զրույցում ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը շատ քիչ հավանական համարեց, որ ՌԴ նախագահ Պուտինը որոշի չեղարկել 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Նրա գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի բոլոր ռազմակայաններում պատրաստականության ստուգումներ անցկացնելով և այդ պայմանագրից դուրս գալու նախաձեռնությամբ, ՌԴ-ն փորձում է Անկարայի հետ խոսել շանտաժի ու քարոզչության լեզվով, նաև այն պատճառով, որ Պուտինը պատրաստ չէ հանդիպել Էրդողանի հետ:
-Պարոն Շահնազարյան, երեկ ՌԴ-ից Հայաստանին վերաբերող երկու լուր ստացվեց : Նախ՝ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորները նամակով դիմել են Վլադիմիր Պուտինին` կոչ անելով չեղյալ համարել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը, մյուսը, որ ՌԴ նախագահի կարգադրությամբ` ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Եթե ՌԴ-ն դո՞ւրս գա պայմանագրից, ապա Հայաստանը գերտերությունների շահերի բախման ի՞նչ թնջուկում կարող է հայտնվել:
-Կասեի`ոչ թե երկու, այլ երեք նորություն: Առաջինը, որ Էրդողանը ցանկանում է հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ և մերժում է ստանում Կրեմլի կողմից: Այնուհետև Ձեր մատնանշած` ՌԴ պետդումայի կոմունիստ պատգամավորների նամակն էր ՌԴ նախագահին և արտգործնախարարին, որով կոչ են անում չեղարկել (դենոնսացիա) 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Հիշեցնեմ, որ այդ պայմանագրով` մասնավորապես Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, Արարատ լեռը: Հետաքրքրական է, որ կոմունիստներն են սա նախաձեռնում, որոնք այդ նույն պայմանագրի ջատագովն ու իրականացնողն են եղել: Իհարկե, սրանից հետո Ռուսաստանի քաղաքական էլիտայում մեծ աշխուժություն սկսվեց, մասնավորապես, «Արդար Ռուսաստանը» սկսեց պաշտպանել այդ նախաձեռնությունը: Եվ, միաժամանակ, երեկ ՌԴ Հարավային օկրուգում, այդ թվում` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում ՌԴ նախագահի կարգադրությամբ ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ սկսվեցին:
Ես այդ երեք իրադարձությունները նույն շղթայի օղակ եմ համարում: Եվ կարծում եմ, որ Պուտինը պատրաստ չէ էրդողանի հետ հանդիպմանը, խոսակցությանը, որովհետև Թուրքիայի նախագահի կողմից ներկայացվելու են անառարկելի փաստեր, որ ռուսական ռազմական օդուժը բազմիցս խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Մյուս երկու քայլերը, վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից ուղղակի քարոզչական քայլեր են, որոնք կրում են ոչ միայն քարոզչական, այլև Անկարայի, ինչու ոչ՝ նաև միջազգային հանրության նկատմամբ շանտաժի իմաստ:
Կարդացեք նաև
Իրականում Ռուսաստանն, իհարկե, չի չեղարկի 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Կրեմլը, հայտնվել է աննախադեպ ծանր վիճակում. երկրի տնտեսության կոլապսի սպառնալիքը, տնտեսական և քաղաքական մեկուսացումը, միջազգային հանրության կողմից բազմաթիվ մեղադրանքները` ուղղված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին: Հիմա Մոսկվան ձգտում է նոր խնդիրներ ստեղծել` նպատակ ունենալով կորզել Արևմուտքից նոր զիջումներ: Մասնավորապես՝ իր քայլերով Մոսկվան ցույց է տալիս, որ պատրաստ է Անկարայի հետ իր հակամարտությունը տեղափոխել Հարավային Կովկասի տարածաշրջան:
Միաժամանակ սա ուղերձ է միջազգային հանրությանը, որ Ռուսաստանը կարող է իբր շատ ավելի անկանխատեսելի լինել, քան Արևմուտքն է կարծում: Իրականում, Կրեմլը շատ լավ հասկանալով իրավիճակի բարդությունը, կառավարում և վերահսկում է ռուս-թուրքական լարվածության աճի զարգացումները:
Ռուսաստանը չի գնա 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու քայլին, որովհետև դա ուղղակիորեն հարվածելու է իր շահերին: Մի օրինակ` Նախիջևանի կարգավիճակի երաշխավորը, ըստ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի, նաև Ռուսաստանն է: Չեմ կարծում, որ Ռուսաստանի ղեկավարությունը գնա այդ քայլին, հակառակ դեպքում, եթե դա կատարվի, կնշանակի, որ Ռուսաստանի ղեկավարության գործողությունները ամբողջապես են տեղափոխվել իռացիոնալ դաշտ: Մտահոգիչ է նաև, որ վերջերս շատ հաճախ Հայաստան են այցելում Ռուսաստանի իշխանության տարբեր էմիսարներ, այդ թվում նաև` հայկական ազգանուններով, որոնք նպատակ ունեն այստեղ, ի շահ Ռուսաստանի, բորբոքել հակաթուրքական տրամադրությունների նոր ալիք:
Այսինքն`հերթական անգամ, ինչպես պատմականորեն բազմիցս եղել է, Ռուսաստանը փորձելու է Հայաստանն օգտագործել՝ որպես մանրադրամ Թուրքիայի դեմ: Թե՛ իշխանությունները, թե՛ մեր հասարակությունը որևէ կերպ չպետք է ոգևորվեն դրանից, մենք հայտնվել ենք բավական դժվար իրադրության մեջ, և հստակ պետք է հասկանանք, որ Հայաստան պետության ու Ռուսաստանի շահերն ավելի ու ավելի են սկսում հակասել միմյանց: Կան քայլեր, որոնք Հայաստանն այս իրավիճակում պետք է անի` առաջին հերթին ելնելով իր պետական շահերից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Tert.am»-ի կայքում