Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Տերյանի ծննդյան 131-ամյակը` Կոմիտասի անվան պանթեոնում. (Ֆոտոշարք)

Փետրվար 09,2016 20:15

Փետրվարի 9-ին լրանում  է հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 131-ամյակը: Առավոտյան Կոմիտասի անվան պանթեոնում Տերյանի շիրմաքարին գարնանային դեղին ձնծաղիկներ էին դրված, իսկ երկնքից սպիտակ ձյան փաթիլներ էին թափվում. տերյանական աշունը բոլոր եղանակներում է։ Պանթեոնում հավաքված մարդիկ հիշեցին ու ներկայացրին դրվագներ Տերյանի կյանքից, իսկ դպրոցականներն արտանասանեցին իրենց սիրելի բանաստեղծությունները։

Վահան Տերյանի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը, նկատեց, որ շատերին թվում է՝ Տերյանի մասին ամեն ինչ գիտեն, բայց այս տարի լույս կտեսնի մի գիրք, որը թույլ կտա նորովի ճանաչել նրան։ Նրա խոսքերով ցեղասպանությունից հետո՝ 1915  թվականի վերջին, Տերյանը եկել է Երևան և որբանոցների ութից տասնհինգ տարեկան երեխաներին հանձնարարել գրել ցեղասպանության հետ կապված իրենց բոլոր հիշողությունները։

IMG_7224 IMG_7173

IMG_7199 IMG_7227 IMG_7234

Նրանք նկարագրել են Վանի ինքնապաշտպանությունն ու գաղթը, պատմել Ալաշկերտի  և այլ բնակավայրերի ջարդերի մասին։ Սա նորություն է նաև համաշխարհային գրականության մեջ։ Իհարկե, կա Աննա Ֆրանկի օրագիրը, որտեղ նկարագրված է՝ ինչպես էին ապրում նկուղներում, բայց մեծ է սրա կարևորությունը, որովհետև քսանյոթ երեխա պատմում է այն ամենը, ինչ տեսել է։ Կարելի է ասել, որ Տերյանը ցեղասպանության առաջին վավերագիրն է։ Քանի որ նրա առաջին հրատարակիչը ՝ Պողոս Մակինցյանը, Կարսի պայմանագրի ստորագրողն էր  և չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, խնամքով թաքցրել է այս փաստը։ Շատ տերյանագետներ այս մասին ոչինչ չգիտեն, որովհետև այս ձեռագրերը պահվում են թանգարանում՝ ուսանողական տետրակներ անվան տակ։

Վահան Տերյանի մարդկային արժեքների մասին երկար խոսելու փոխարեն նրա թոռը՝ Գրիգոր Էմին-Տերյանը ասաց. «Տերյանի առաջին կինը՝ Սուսաննա Պախալովան, թոքախտով հիվանդ է եղել, բայց նրան ոչինչ չի ասել՝ կարծելով, որ այդ մասին չի իմանա։  Սակայն նամակներից հայտնի է, որ Տերյանը, իմանալով դրա մասին,  ձևացրել է՝ ոչինչ չգիտի, որպեսզի Սուսաննան իրեն վատ չզգա։ Ահա այսպիսի նրբանկատ մարդ է եղել Տերյանը»։

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ Տերյանը եղել է դաշնակցական, սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, կոմունիստ, բայց նախ և առաջ եղել է լավ հայ, որը շատերին է օգնել։ Նա մեծ պոետ էր, վիթխարի ավանդույթներ ստեղծող։ Նրա կարծիքով մինչև օրս մենք ապրում ենք տերյանական գեղագիտական դարաշրջանում. հաջորդները նոր դարաշրջան չեն ստեղծել։

Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29