Լրահոս
Օրվա լրահոսը

Մելանյա Ստեփանյան. «Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնության կարճ ծրագրից հետո հեռախոսով լաց էր լինում»

Փետրվար 09,2016 18:50

Գեղասահքում անարդարությունը միշտ էլ եղել է ու մրցավարությունը միշտ էլ դաժան է վարվել մարզիկների հետ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը՝ նշելով, որ իր ժամանակ էլ էր այդպես:

Հարցազրույցը, որում անդրադարձ է արվում նաեւ Բրատիսլավայում մեր մյուս գեղասահորդների, Ռուսաստանի կազմում չեմպիոնուհի դարձած Եվգենիա Մեդվեդեւայի (Բաբասյան) մասին, կարդացեք «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Բրատիսլավայում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: Սակայն մասնագետները եւ առաջնությանը հետեւող լրատվամիջոցները միաձայն նշում են մի բան. մրցավարները շատ դաժան վարվեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամի հետ: Այդ համոզմանն է նաեւ Մելանյա Ստեփանյանը: «Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում շատ լավ ելույթ ունեցավ: Նրա ելույթների լավագույն գնահատականը տվեցին հեռուստամեկնաբանները, հատկապես գեղասահքի լեգենդ Տատյանա Տարասովան, որը մի քանի անգամ շեշտեց, որ մեր աղջկա հետ շատ դաժան, գազանաբար վարվեցին: Ավելին ասեմ, եթե հետեւել եք նրա եւ երկրորդ մեկնաբանի խոսքերին, պետք է հիշեք, որ նրանք ասում էին, թե գրազ էին եկել, որ Անաստասիան տեղ է զբաղեցնելու լավագույն վեցյակում: Հավատացեք, որ Տարասովան հազվադեպ է այդպես արտահայտվում:

Առաջնությունում միակ թերությունն այն էր, որ մենք այնտեղ մրցավար չունեինք: Ճիշտ է, մրցավարական խմբում մի հայ կար՝ Սարգիս Թեւանյանը, որը 25 տարուց ավելի է Հայաստանից տեղափոխվել է Լեհաստան: Որպես հայ,նա կարող էր մրցավարների հետ բանավիճել ճիշտ գնահատելու համար: Բայց չարեց: Ես այդ ամբողջ ընթացքում մերոնց հետ մշտական կապի մեջ եմ եղել: Կարճ ծրագրից հետո Անաստասիան զանգել էր ու լաց էր լինում, թե ինքը նորմալ սահեց, ինչո՞ւ իրեն այդքան քիչ միավոր տվեցին: Ես նրան հանգստացնում էի՝ ասելով, որ մեզ նրա գրավելիք տեղը չի հետաքրքրում ու հորդորում, որ կամավոր ծրագրում լուրջ վրիպումներ թույլ չտա: Եվ պատկերացրեք, որ 16-ամյա աղջնակը չկոտրվեց ու ազատ ծրագիրն էլ կայուն բարձր մակարդակով կատարեց»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29