Aravot.am-ը գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում Շիրակի մարզը դաշնակցականներին հանձնելուն, արդյոք ճիշտ ժամանակն է մարզպետ փոխելու ու մի՞թե դաշնակցականները Շիրակի մարզում ունեն համապատասխան թեկնածուներ: «Նախ ասեմ, որ որեւիցե մեկը որեւէ մարզը չի հանձնում մեկ այլ քաղաքական ուժի: Սկսենք այդտեղից, որովհետեւ բոլոր մարզերը պետական կառավարման կառույցներ են տեղերում, ընդամենը խոսք է գնում, եթե համաձայնություն լինի քաղաքական կուսակցությունների միջեւ, որոշակի պաշտոնների վերադասավորման, վերաբաշխման մասին: Իհարկե, խոսակցությունները կան, բավական երկարատեւ են դրանք, բայց վերջնական որեւիցե որոշում դեռեւս չկա:
Վերջնական որոշում կլինի, երբ որ երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները կամ լիդերները ստորագրեն համապատասխան փաստաթուղթ համատեղ աշխատանքի: Դրա համար այն խոսակցությունները, որոնք կան այս կամ այն մարզի կամ նախարարության մասին, ես կարծում եմ, որ դրանք ընդամենը խոսակցություններ են, վերջնական չեն», -ասաց պատգամավորը:
Պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, որ մարզպետների փոփոխությունները միշտ չէ, որ դրական արդյունք են տվել, առավել եւս, ըստ Սուքիաս Ավետիսյանի, Շիրակի մարզում կա շատ կայուն, համախմբված թիմ՝ մարզպետի հետ միասին, ու մարզում առկա խնդիրները ԱԺ պատգամավորները ու համայնքապետերը կարողանում են Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ լուծել:
Սուքիաս Ավետիսյանը նշում է, որ եթե մարզպետ փոխելու խնդիր առաջանա, պետք է ուշադրություն դարձնել մարդկային տեսակին, որը կկարողանա իր մարդկային վերաբերմունքով ու աշխատանքով համատեղ մարզի խնդիրներն առաջ տանել, եւ այն, ինչ ձեռք են բերել, ձեռք բերածն ավելացնել: «Ամեն մի քաղաքական ուժ, որը ուզում է ինչ-որ մեկին պաշտոն տալ, պետք է մտածի, որ առաջին հերթին իր հեղինակությունն է, որպեսզի այդ պաշտոնում առաջադրի մարդու, որ կարողանա լուծը իր վրա կրել ու կարողանա նորմալ աշխատանք կատարել»:
Կարդացեք նաև
Հարցին՝եթե դաշնակցությունը համապատասխան թեկնածու չգտնի Շիրակի մարզում ու դրսից բերի իր ներկայացուցչին, արդյոք մարզը սրանից չի՞ տուժի:
Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, դրսի ու ներսի մարդիկ չկան, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են, պարզապես ամեն մի մարզ ունի իր խնդիրները, ամեն մի մարզի բնակիչ ունի բնավորության գիծը ու բնական է, որ մարզպետը պետք է լինի այդ խնդիրներն ու բնավորության առանձնահատկությունները իմացող մարդ, որ կարողանա աշխատանքներն արդյունավետ կազմակերպել, որպեսզի լուրջ խնդիրներ չառաջանան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ