Այսօրվա նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն մերժեց «Իրավունքի Եվրոպա» միավորում, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների դիմումում-բողոքը: Վերջիններս առաջարկում էին վարչական վարույթ հարուցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեության եւ առանձին տեղամասերում կատարված փաստական հանգամանքների առիթով: Խոսքը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ եղած տարատեսակ խախտումների եւ հանձնաժողովի անդամների լիազորությունները գերազանցելու մասին է, որոնք արձանագրվել են սույն կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կողմից:
ԿԸՀ-ն մերժեց բողոքը`պատճառաբանելով, որ ՀԿ-ների կողմից ԿԸՀ դիմում-բողոք ներկայացնելու կարգը եւ ժամկետները խախտվել են: Նիստին ներկա չէր կազմակերպություններից որեւէ ներկայացուցիչ, թեպետ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ պատշաճ ծանուցել են:
Իր այսօրվա նիստում ԿԸՀ-ն նաեւ որոշ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակեց, քանի որ նախկինների լիազորությունների ժամկետներն ավարտվել էին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ