«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստախոս կառույց է» հոդվածի տարածումից շատ չանցած ՏՄՊՊՀ-ն անմիջապես արձագանքեց ու իր կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում դրեց պատասխանը՝ «ՀՀ ՏՄՊՊՀ պատասխանը «Բարև Երևան» խմբակցության անդամ Ա. Բախշյանին> վերնագրով, բայց չդրեց իմ նամակը:
Կայքում անմիջապես, փետրվարի 4-ի ամսաթվով դրվեց կառավարություն ներկայացրած ուսումնասիրությունը, որը հաստատ փետրվարի 7-ին չկար, որովհետև հոդվածումս գրել եմ, որ կայքում վերջին նորությունը 2015թ. հոկտեմբերի 15-ին է եղել: Այդ վերնագրի տակ անմիջապես ավելացվել են 22.12.2015թ. «ԱրմենՏելը» պետբյուջե կվճարի 20 միլիոն դրամ. ՏՄՊՊՀ որոշումը մնաց անփոփոխ» և 14.01.2016թ. «Ա. Շաբոյանը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է տնտեսության մի շարք ոլորտներում իրականացրած վերահսկողության արդյունքները» նյութերը:
Ինձ այպանեցին, որ ես հաշվետվություն եմ համարել կառավարություն ներկայացրած ուսումնասիրությունն ու ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ եմ փնտրել այն, այնինչ հոդվածում հստակ երևում է, որ փնտրել եմ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ էջում:
Պատասխան նամակում գրված է.« Հետևապես, տիկին Բախշյանը կամ այնքան էլ լավ չի պատկերացնում «թափանցիկ» կամ «հրապարակային» բառերի իմաստը, կամ հետապնդում է այլ՝ միայն իրեն հայտնի նպատակներ, այլապես չէր շտապի հանդես գալու նման ակնհայտորեն չստուգված և անտեղի որակումներ պարունակող հայտարարություններով:»
Կարճ ասեմ, պարոն Շաբոյա՛ն, «թափանցիկ» կամ «հրապարակային» բառերի իմաստը ես շատ լավ եմ հասկանում, այդ պատճառով էի էքսկուրսիա անում ՏՄՊՊՀ-ի կայքում, որի նպատակը այդ կառույցի վերաբերյալ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրող տեղեկությունը կայքից ստանալու հնարավորությունը պետք է լինի, ոչ թե գրավոր հարցում անելն ու ստանալը, որը Ձեր աշխատակազմի սուրբ պարտականությունն է և կապ չունի «թափանցիկ» կամ «հրապարակային» գործունեության հետ, ստացվում է, որ Դուք երևի լավ չեք պատկերացնում այդ բառերի իմաստը:
Կարդացեք նաև
Պատասխանում նաև գրված է. «Բարև Երևան» Խմբակցության անդամը պարտավոր էր իմանալ, որ Հանձնաժողովը ընդգրկված չէ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման գործընթացում, հետևապես կայքում նման տեղեկատվություն պարզապես չէր կարող տեղադրվել»: Նախ, շատ վատ է, որ ընդգրկված չէ, որովհետև կոռուպցիան ու մենաշնորհային դիրքունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնցով պետք է զբաղվի Ձեր կառույցը, խիստ փոխկապակցված են, երկրորդ, ապա ինչո՞ւ է այդ էջը բացելիս գրվում. <Կայքը գտնվում է վերագործարկման փուլում>: Ուրեմն վերագործարկում եք, որ ի՞նչ անեք:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Խմբակցության անդամ