Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականացված քաղաքականությունը՝ բարձր լարման ներքո

Փետրվար 09,2016 17:58

Վերջերս տեղի ունեցավ երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանի «Բարձր լարում» գրքի շնորհանդեսը , որն իր սյուժետային գծով «հողեղեն-իրական» է. պատմում է Բաղրամյան փողոցում՝ նախորդ տարվա ամռանը կատարված դեպքերի ու դեմքերի մասին: Aravot.am-ը որոշեց զրուցել գրքի հեղինակի հետ՝ հասկանալու՝ որքանով է քաղաքականացված հայաստանյան գրականությունը, որոնք են քաղաքականություն ու գրականության հատման կետերն ու, ի վերջո, որն է «Բարձր լարման» հիմնական ասելիքը.

-Արմինե, գրականությունն, առհասարակ, կարո՞ղ է կյանքում բարձր լարումը չեզոքացնել, որպես խնդիր լուծող, գրականությունը համարվո՞ւմ է գործիք կամ զենք՝ ըստ Ձեզ:

-Գրականությունը, արվեստը եղել և մնում է հասարակությունների ու ազգերի կարևոր ամբիոնը, անգամ, եթե այն հարցերին մոտենում է ոչ ուղղակի կերպով: Տոլստոյն անմիջական որևէ կապ չունեցավ հեղափոխական շարժման հետ, սակայն նրա` «Պատերազմ և խաղաղություն» վեպը ռուս ժողովրդի մեջ արթնացրեց համապատասխան ալիք ստեղծելու մոտիվացիա: Մշակույթը կարևորագույն զենքերից է, այն պետք է լինի տվյալ ժամանակի մեջ և ժամանակի համար… Միայն ճիշտ ժամանակի մեջ ստեղծված գրականությունն ունի երկար ապրելու մենաշնորհ: Լավ գրողը պահի, հասարակության երակն է, նա ապահովում է իրադարձությունների, դեպքերի շրջանառությունը: Նա կրողն է բոլոր լարումների` գիտակցական, թե ենթագիտակցական ոլորտում, դա էական չէ, նա պիտի լուծումներ առաջարկի` թեկուզ սուբյեկտիվ:

-Քաղաքականացնում ենք գրականությո՞ւնը, թե՞գրականացնում քաղաքականությունը, որքանով են երկուսն իրար հետ կապված:

-Գրականությունը ցանկացած թեմայի շոշափման պարագայում` նեղանձնական, թե` սոցիալական-հասարակական, պիտի մնա գրականություն` չմերժելով իրեն հատուկ էսթետիկան: Քաղաքականացված թող խոսեն ժուռնալիստները, դա նրանց փեշակն է, գրողը քաղաքականության մասին պետք է գրականաբար խոսի, դա էլ իր փեշակն է: Թեման, ինչ խոսք, թելադրում է կերպը, սակայն գրական կերպը: Անգամ «պլակատային գրականությունը» պիտի լինի էսթետ:

Arminer_Boyajyan

-Գրքում շեշտադրումը դրված է եղել գեղարվեստի՞, թե՞ իրականության վրա, որպես գրող եթե վերլուծեք սեփական գիրքը, ո՞րն է նրա հիմնասյունն ու բուն ասելիքը:

Կա բացարձակ ճշմարտություն` տիեզերքում ամեն բան ստեղծված է և շարունակվում է ստեղծվել մարդու համար: Մի կողմից նոր գիտակցությամբ, նոր մղումներով, մյուս կողմից հավիտենական անխախտ բնույթով մարդը. հենց նա է իմ գրքի առանցքը, պարզապես ես իմ խոշորացույցն այս անգամ ուղղել եմ մարդու մի հին տեսակի` հայի ուղղությամբ: Ո՞վ է հայը, ի՞նչ խնդիրներ ունի, որտե՞ղ են թաքնված այդ խնդիրների հիմքերը, մերթ խորամանկ, մերթ միամիտ, մերթ բարի, մերթ նախանձոտ հայը… Սա ՝ հիմնական ասելիքը, իսկ ասելիքը փաթեթավորել եմ երկու պատմությամբ. առաջինը Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների մասին նկարագրություններն են, երկրորդը` խուլ գյուղում հասարակ գյուղացիների միջև մի կաթիլ մեղրի հին պատմության ռեստավրացիան:

Գրքում շեշտադրությունը դրված է միայն ու միայն գեղարվեստի վրա: Այն իրականության էսթետ վերլուծությունն է, ռեալի էսթետ բնութագրումը: Ես ատում եմ անքող, առանց ծածկոցի գրականությունը:

 -Հասարակությունն ակտիվիստներին «դեմքով» ճանաչեց Բաղրամյանի դեպքերի ընթացքում, արդյո՞ք գրքում պահպանվել են դիմագծերը, ստեղծվել են նո՞ր կերպարներ, թե՞ մենք, ի վերջո, ճանաչելու ենք արդեն իսկ ծանոթ դարձած մարդկանց ու նրանց բնավորություններին՝ գիրքը թերթելիս:

-Ակտիվիստների դիմագծերը պահպանված են, սակայն կերպարներից և ոչ մեկ անձնավորված չէ և կոնկրետությունից դուրս է, նրանք չունեն անուններ, չունեն կոնկրետ գործողություններ, հանդես են գալիս գրեթե որպես մեկ կերպար: Սա արված է հատուկ, որպեսզի հասկանալի դառնա նրանց մեկությունը, որպեսզի շարժումը անուն չծնի, այլ ծնի գաղափար: Այս հատվածում շատ եմ կիրառել խորհրդապատկերներ` գրականությունը գրականություն թողնելու գերնպատակով: Սակայն կերպարների պրոյեկտում կա գյուղական տեսարաններում: Կարծում եմ` ուշադիր կարդացողը կընկալի թե խորհուրդը, թե բաց տեքստով հղումները, թե երկու պատմություններում գծված զուգահեռները:

-Կարելի՞ է ենթադրել, որ այսուհետ բարձր լարման բոլոր կետերը կանցնեն Ձեր գրչի տակով, ո՞րն է հաջորդ գրքի թեման:

 -Հաջորդ թեման արդեն կա: Այս անգամ այն քաղաքականության հետ կապ չունի: Այս անգամ դարձյալ իմ հերոսը կլինի մարդը: Կենսագրական պիես է, թույլ տվեք դեռևս չասել` ում մասին:

Իսկ բարձր լարման կետեր դեռ անպայման կգան ու կանցնեն գրչիս տակով. ես անհանգիստ քաղաքացի եմ: Ամեն բանի ժամանակ կա, կա քարեր հավաքելու ժամանակ և քարեր նետելու ժամանակ: Կարևորը պահի ճիշտ գիտակցումն է: Լավ է, երբ նյութդ հետաքրքիր է հենց էսօր ապրող մարդուն: Վաղվա համար կգրեն վաղը ծնվողները, մենք հասցնենք էսօր ապրողների համար: Գիրն էլ, տաղանդն էլ Երկնքից տրված մի բան է, ամեն օրվա համար կա մանանա… Եվ օրվա մանանան պետք է ուտել մինչ մայրամուտ…

 

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29