Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանից էժան էլեկտրաէներգիա ենք գնում, որ «Հրազդան ՋԷԿ»-ի թանկ հոսանքը չսպառենք

Փետրվար 09,2016 17:42

Georgia online լրատվական կայքը երեկ` փետրվարի 8-ին տեղեկատվություն  հրապարակեց այն մասին, որ փետրվարի 5-ից սկսած Վրաստանը հանդիսանում է տարանցող երկիր՝ Ռուսաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի ստացման: Նույն աղբյուրի փոխանցմամբ, 24-ժամում Հայաստանը կստանա միջինը 30 մեգավատ հզորության էլեկտրաէներգիա:
Այս առնչությամբ, Aravot.am-ը ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է արդյոք այս տեղեկատվությունը եւ եթե այո, ինչո՞ւ է Հայաստանը գնում էլեկտրաէներգիա, այն դեպքում, երբ մենք էլէներգիա արտադրող եւ արտահանող երկիր ենք:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը հարց ուղղեցինք նաեւ, թե ինչո՞ւ է Հայաստանում առաջացել էներգադեֆիցիտ եւ էլեկտրաէներգիա ներկրելու անհրաժեշտություն, եթե Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը` ՀԱԷԿ-ը դեռեւս աշխատում է: Հարցրինք նաեւ` էլեկտրաէներգիան Ռուսաստանից ի՞նչ գնով ենք գնում:
Նախարարությունից վերոնշյալ տեղեկատվությունը հաստատեցին` նշելով, որ

Էներգաարտադրության հաստատված հաշվեկշռով փետրվարի համար նախատեսված «Հրազդան ՋԷԿ»-ի արտադրած էլեկտրաէներգիան, որն ամենաթանկն է էներգահամակարգում, էժանով փոխարինելու նպատակով, պայմանագիր է կնքվել Վրաստանի «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» հետ՝ Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ։

Ըստ նախարարության, համաձայն այդ պայմանագրի, փետրվարի 5-ից սկսվել են մատակարարումները եւ նախատեսվում է մինչեւ ամսվա վերջ ներկրել 20 մլն ԿՎտ ժամ կամ միջինը օրական 650-700 ԿՎտ ժամ էլեկտրաէներգիա։

«Պայմանագիրը կնքվել է էներգահամակարգի տնտեսական շահավետությունից ելնելով։ Ի տարբերություն «Հրազդան ՋԷԿ»-ի, որի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 35,78 դրամ է, կնքված պայմանագրի շրջանակներում էլեկտրաէներգիան ձեռք է բերվում 6,3 ցենտով, ինչը Կենտրոնական բանկի այսօրվա փոխարժեքով համարժեք է 31,1 դրամին»։
Նախարարությունից հավելել էին, որ երկու դեպքում էլ սակագները նշված են առանց ԱԱՀ-ի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29