2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կեղծիք կատարելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ամբաստանյալ Գոռ Թումանյանի դատական նիստն էր: Ամբաստանյալ Գոռ Թումանյանը իրեն ամբողջությամբ մեղավոր ճանաչեց:
Մինչ այդ Թումանյանը դատարանին միջնորդեց, որպեսզի նիստը արագացված կարգով ընթանա: Միջնորդությունն ընդունվեց:
Թումանյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 153 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Գոռ Թումանյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ հանդիսանալով ԿԸՀ կողմից Երեւան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի 12/1 հասցեում տեղակայված թիվ 10/15 ընտրատեղամասում որպես հանձնաժողովի անդամ, իր լիազորությունների իրականացման ընթացքում գրանցամատյանում մի քանի անձանց անվան դիմաց կեղծ տվյալներ գրանցելով՝ քվեարկել է նրանց փոխարեն: Ընդ որում, Գոռ Թումանյանը գոյություն չունեցող անձնագրային տվյալներ է լրացրել:
Կարդացեք նաև
Դատական նիստի ընթացքում Թումանյանի փաստաբան Սարգիս Մադաթյանը դատարանին ներկայացրեց Գոռ Թումանյանի կրթության վերաբերյալ փաստաթղթեր՝ կապույտ եւ նույնիսկ կարմիր դիպլոմներ, նշեց, որ նախկինում դատված չի եղել, արատավորված չի եղել:
Մեղադրող դատախազը պահանջեց 600.000 դրամ տուգանք, իսկ Թումանյանի պաշտպանն էլ դիմելով դատարանին՝ խնդրեց ավելի մեղմ պատիժ:
Թե ինչ վճիռ կկայացնի դատավորը, կներկայացնենք առաջիկայում: Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:
Aravot.am-ը հարց ուղղեց Գոռ Թումանյանին, թե ի՞նչն էր դրդել նրան կեղծիք կատարել, որեւէ ճնշում եղե՞լ է: Թումանյանն ասաց. «Ես պատրաստ չեմ խոսել, որեւէ ճնշում չի եղել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ