ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքում դաշնակցականներին հանձնվող մարզերից մեկը հաստատ կլինի Շիրակը: Ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ-ական վերնախավը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ արդեն իսկ զրույց ծավալել է այս թեմայով. նա հաշված օրերի ընթացքում կլքի իր ներկայիս պաշտոնը:
Թե ո՞վ կլինի նրա փոխարեն մարզպետ, ՀՅԴ-ականները պարբերաբար անուններ են շրջանառության մեջ դնում՝ ամենայն հավանականությամբ ճշտելու իրենց թեկնածուների վարկանիշը, հասարակական արձագանքը ու գոնե այս միջոցով կողմնորոշվելու:
Ի դեպ, շրջանառվող թեկնածուների մեջ Շիրակի մարզից չկան թարմ, նոր դեմքեր. մշտապես շոշափվում են հների անունները՝ օրինակ՝ Շիրակի մարզպետարանի աշխատակից Հովսեփ Սիմոնյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանի՝ մարզպետի պաշտոնից հեռանալու հետ համաձայն չեն Շիրակի մարզի գյուղապետերից շատերը: Շիրակի մարզպետարանի աշխատակիցների փաստմամբ, Արթիկի ու Անիի տարածաշրջանի գյուղապետերը, լսելով մարզպետի առաջիկա փոփոխության մասին, մի քանի օր առաջ հավաքվել, եկել են մարզպետարան՝ Ֆելիքս Ցոլակյանին հորդորելով չհամաձայնել մարզը դաշնակցականներին հանձնելուն, այլապես նախազգուշացրել են, որ կհավաքվեն ու բողոքով կհասնեն մայրաքաղաք:
Կարդացեք նաև
Ու թեեւ Ֆելիքս Ցոլակյանը իր հերթին հորդորել է նման բան չանել, սակայն, մարզպետարանի աշխատակիցների ասելով, չի բացառվում, որ գյուղապետերը ոտքի կանգնեն:
Գյուղապետերի տրամադրություններին մենք կանդրադառնանք առաջիկայում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կներեք մի բան հարցնեմ, էդ մարզպետը Շիրակի մարզի գյուղերի համար ինչ է արել որ? կներեք արտահայտությանս համար, որ գյուղերն են շահել իրա կառավարումից? մի հատ կլուսավորեք? ինչքան գիտեմ, ինչ աղքատ վիճակ եղել է, դա էլ կա, մի տեղ ջուր չկա, մի տեղ ցեխը ելել է մարդկանց կոկորդներին է հասել, էս հիստերիկան ով է կազմակերպել որ?կներեք համարձակությանս համար, որ էս կարգի անհարմար հարց եմ տալիս