Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը

Փետրվար 09,2016 16:31

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ Նախագահը և Շվեդիայի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների, միջազգային արդի խնդիրների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի վրա:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացած հայ-շվեդական քաղաքական երկխոսությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ այսօր Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է:

Արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմն իր հերթին ընդգծել է, որ լավ հարթակ է ստեղծված երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններն ավելի զարգացնելու ու խորացնելու համար և իր երկրի կողմից պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներն իշխանությունները դիտարկում են որպես երկրի առաջընթացի և զարգացման կարևոր գրավական և մեծապես գնահատում են ԵՄ գործընկերների աջակցությունն այդ հարցում:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան՝ որպես բարեկամ երկիր, զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Արտգործնախարար Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը և համոզված լինել, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության ու այս տարածաշրջանի բարեկամ: Վերոնշյալ ձևաչափով համագործակցությունը նախարարը համարել է նաև երկկողմ կապերն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29