Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր բացվեց «Միջին Արևելքի արվեստի թանգարան» հիմնական ցուցադրությունը, որը ներառում է Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածուն: Հայաստանին 1993 թվականին նվիրաբերված հավաքածուն ներկայացնում է Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները՝ հողանկարներ, գեղանկարներ, գորգեր:
«Ցուցադրությունը բաղկացած է 2500 բնօրինակ նմուշներից, որոնք պատկանում են Մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչեւ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածին: Ներկայացված են արվեստի տարբեր ճյուղեր՝ հողարվեստ, կերպարվեստ, եւ իհարկե Մարկոս Գրիգորյանի գործերը, որոնց արժեքն անգնահատելի է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Միջին Արևելքի արվեստի թանգարան» ցուցադրության վարիչ Զառա Մոկացյանը:
Նա տեղեկացրեց, որ Մարկոս Գրիգորյանը հողարվեստի հիմնադիրն է եւ համաշխարհային մակարդակով ժամանակակից արվեստի նշանավոր անուններից է համարվում. «Նրա գործերը ցուցադրվում են աշխարհի մեծագույն ժամանակակից արվեստի թանգարաններում: Այդ արվեստագետն այդպես էլ մեր երկրում չընկալվեց եւ իր տեղը չգտավ, մինչդեռ համարվում է Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրը»:
Թանգարանում ներկայացված հողարվեստի նմուշները ստեղծված են հարդից, ավազից, կավից, հողից. «Մարկոս Գրիգորյանից հետո այս արվեստը աշխարհում բավականին գնահատվեց: Հողարվեստով զբաղվում են Ճապոնիայից մինչեւ ԱՄՆ»,-ասաց Մոկացյանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ցուցադրությունում ներկայացված են նաեւ ռուսական եւ եվրոպական արդյունաբերական մշակույթի նմուշներ, բրոնզեդարյան խեցեղեն, իսլամական միջնադարյան արվեստի գործեր, մանրանկարներ: Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Մարկո (Մարկոս) Գրիգորյանը Երևանում իր տունը կտակել էր Հայաստանի Մշակույթի Նախարարությանը, որպեսզի կամ այդ տարածքում, կամ՝ տան վաճառքից գոյացած գումարով, իր անունով թանգարան կառուցվի ու մշտապես ցուցադրվի իր գործերը: Չգիտեմ դա կատարվե՞ց, թե՞ ոչ: Ամեն դեպքում իրանցիները Հայաստան այցելելով, անպայման գնում էին այդ տունը՝ տեսնելու նրա արժեքավոր գործերը: Նրանք ասում էին, որ Մարկոյի գործերը անմխիթար վիճակում է պահվում: Իրանի կողմից նույնիսկ առաջարկ եղավ Հայաստանին՝ Մարկոյի ստեղծածը տեղափոխել Իրան, եւ դա պահպանվի լավ ձևով՝ Իրանում: Իրանցիները մեծապես գնահատում են Մարկոյին: Ըստ երևույթին, այդ առաջարկը մերժվել է: Բայց չգիտեմ՝ արդյոք կառուցվե՞ց թանգարանը, ու հիմա Մարկո Գրիգորյանի գործերը որտե՞ղ և ինչպե՞ս է պահվում: Նրա կտակն էր՝ մշտապես ցուցադրել իր գործերը՝ իր անվամբ թանգարանում:
Մոռացա նշել մի կարևոր հարց, որ նկատեցի: Հայաստանում Իրանի դեսպանի դեմքը շատ բան է ասում: Նրա դեմքի վրա (և ուրիշ նկարներում) գոհունակության նշան չկա: Նա պիտի գոհ ու բավարարված լիներ, որ համաշխարհային ճանաչում ունեցող մի իրանահայի արվեստի նմուշների ցուցահանդես է կազմակերպվել Հայաստանում: Բայց նրա դեմքը… դա չի ասում: Հեռվից հեռու չեմ կարող վերջնական բան ասել: Գուցե, իրանցիները իրավ դժգոհ են, որ Իրանի արդի արվեստի հիմնադիրներից մեկի ժառանգությունը անմխիթար վիճակում է: Այս ամենը միայն ենթադրություններ են: Ես մինչև հիմա չեմ հանդիպել որևէ լուրի, որով հայտնած լինեն Մարկոս Գրիգորյանի անվամբ թանգարանի մասին (թեև կա դրա դրամագլուխը):
Իսկ նրա մահը՝ դաժան սպանությունը Երևանում… գոհ չլինելու մի ուրիշ առիթ է թերևս: