Եվրոպական Միությունն ամեն տարի 50 միլիոն եվրո է ծախսում ի շահ Հայաստանի. այսօր այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Մեդիա կենտրոնում» Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի եւ Հանրային լրագրության ակումբի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ:
Պարոն դեսպանն անդրադառնալով ԵՄ-ՀՀ ասոցացման համաձայնագրի շրջանակներում անցյալ տարի վերսկսված բանակցություններին, նշեց, որ երկխոսությունները բավականին լավ են առաջ գնում: Դեսպանը հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կլինի երկկողմանի ընդունելի լուծում. «Այժմ հարեւանությամբ վերանայված նոր քաղաքականության իրագործման փուլում ենք, այսինքն՝ շրջանակային համաձայնագրի բանակցությունները պետք է դիտարկել հարեւանության նոր քաղաքականության ընդլայնված համատեքստում»:
Ըստ պարոն Սվիտալսկու, ԵՄ-ն բանակցություններում հետամուտ է այն ռազմավարական նպատակին, որ ցույց տան՝ հնարավոր է լինել այլ ինտեգրման ծրագրի՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի անդամ եւ միեւնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ:
«Ինչպես գիտեք, ԵՄ-ն խոշորագույն օտարերկրյա դոնորն է Հայաստանի, մենք ամեն տարի 50 միլիոն եվրո ենք ծախսում ի շահ Հայաստանի: Մենք արտաքին առեւտրի խոշորագույն գործընկերն ենք եւ խոշորագույն ներդրողն ենք: Մեր նպատակն է օժանդակել Հայաստանին՝ բարեկեցության կառուցման ջանքերում, կայունացման գործընթացում, եւ երկրի արդիականացման գործում: Հիմնական մեթոդը, որն արդիականացվելու ջանքերին օժանդակելուն է ուղղված, օգնել Հայաստանում ձեւավորելու պատշաճ կառույցներ, ինստիտուտներ, օրենքներ եւ ժողովրդավարական պատշաճ մշակույթ: Շրջանակային համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ իրավական ամուր հիմք է հարաբերությունների համար»,- նշեց ԵՄ դեսպանը:
Կարդացեք նաև
Պյոտր Սվիտալսկիի խոսքերով՝ «Մենք հուսով ենք ու նաեւ հուսով ենք, որ հայկական կողմն էլ է հուսով, որ քաղաքական մասը, որը վերաբերում է արժեքներին, արդարադատությանը, իրավունքի գերակայությանը , անվտանգության ոլորտում համագործակցությանը, կընդունվի առանց փոփոխությունների: Համաձայնագրի այլ դրույթներ պետք կլինի ճշգրտել, հատկապես, առեւտրին վերաբերող մասը»:
Դեսպանը նաեւ նշեց, որ ասոցացման համաձայնագրի հիմքում Եվրամիության շուկաների մոտարկման տրամաբանությունն էր դրված, Հայաստանը մոտարկվել է ԵՄ-ին եւ Հայաստանն էլ իր շուկաներն է բացել ԵՄ-ի համար, եւ փոխադարձ. «Բայց այսօրվա նոր իրողության դեպքում դա հնարավոր չէ: Ուստի մենք շարունակում ենք հուսալ, որ համաձայնագիրը կպարունակի նոր դրույթներ, որոնք կդյուրացնեն Եվրոպական ընկերությունների կողմից ներդրումների կատարումը, որոնք կքաջալերեն եվրոպական գործարար հանրույթին, որպեսզի վերջինս Հայաստանի հետ առեւտուր իրականացնի, եւ լիահույս ենք, որ համագործակցության այլ ուղղությունները կընդունվեն այնքանով, որքանով ասոցացման համաձայնագրից հնարավոր է դրանք վերցնել: Բայց ինչպես ասում են, եկեք համաձայնագիրը դիտարկենք որպես հատակը, ոչ թե՝ առաստաղը: Այն հիմք է լինելու, համագործակցության պրակտիկ քայլեր անելու, ներդրումների եւ առևտրի համար»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ