Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ համայնքի պատրիարքի ընտրության հարցը կվճռվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվար 09,2016 15:24

Պոլսահայ համայնքի պատրիարքի ընտրության խնդրի լուծումը պատրաստվում են տալ Մայր աթոռում եկող շաբաթ կայանալիք եպիսկոպոսաց ժողովում: Հայաստան կժամանեն Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդները, որոնք կաթողիկոսի գլխավորությամբ կքննարկեն նշված համայնքի աթոռակից պատրիարքի ընտրության անցկացման և թեկնածուների հարցը:

Ըստ տարածաշրջանային հարցերով վերլուծաբան-փորձագետ, պոլսահայ Սարգիս Հացպանյանի՝ աթոռակից պատրիարքի թեկնածուները չորսն են՝ Գերմանիայում հայ եկեղեցական համայնքի առաջնորդ Գագիկ արքեպիսկոպոս Բեկչյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ԱՄՆ-ում գործող միջեկեղեցական հանձնաժողովում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Հացպանյանը հայտնեց, որ Թուրքիայում գործող այլ հոգևորականներ նույնպես կարող են իրենց թեկնածությունն առաջադրել: Լոզանի դաշնագրի համաձայն՝ Թուրքիայում հայ համայնքի պատրիարք կարող է ընտրվել միայն այդ երկրում ծնված հոգևորականը:

Ավելի վաղ Թուրքիայի հայ համայնքը դատարան է դիմել՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մորը պատրիարքին ներկայացնող լիազորված անձ նշանակելու համար, որը թույլ կտա առաջնորդի կենդանության օրոք ընտրել աթոռակից պատրիարքի: Դատարանի անցկացրած փորձաքննությունները հաստատել են պատրիարքի՝ անգործունակ լինելու փաստը:

«Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը դեռ ողջ է, բայց չի կարողանում կատարել պատրիարքի իր պարտականությունները անբուժելի հիվանդության պատճառով, ինչի համար նրան փոխանորդ է նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն Անկարայի օգնությամբ խոչընդոտում է նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելուն»,- ասաց վերլուծաբանը:

Փորձագետը մտահոգություն հայտնեց, որ հայերի նկատմամբ շարունակվում են բռնաճնշումները, իսկ պատրիարքարանը որևէ արձագանք չի տալիս դրանց և ոչ մի աջակցություն չի ցուցաբերում տուժողներին: «Վերջին անգամ, երբ պատրիարքարանը «անգլուխ» էր մնացել՝ պատրիարքին աքսորել էին Օսմանյան կայսրությունից, իրականացրին Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Հացպանյանը:

Նշենք, որ 1960 թվականից հայ համայնքը զրկված է աշխարհիկ առաջնորդ ունենալու իրավունքից:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29