Քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) շուրջ 5 տարի պատիժը կրելուց հետո 47-ամյա Վարուժան Բարսեղյանը (անուն, ազգանունը փոխված է) վերադարձավ ազատության՝ հույս ունենալով կյանքը վերսկսել առանց նոր սխալների, գտնել աշխատանք և ապրել ընտանեկան ջերմությամբ շրջապատված:
Մինչդեռ հասարակության՝ այդ թվում գործատուների խտրական վերաբերմունքն ու մերժողական մոտեցումը, դրդեց նրան արտագաղթելու երկրից:
«Վիվասելում ախրաննիկի գործ կար, ուզում էի աշխատել, չստացվեց ասեցին վրեդ դատվածություն կա, տենց գործերի համար խանգարում է: Հիմնական աշխատանք չունեմ, բայց պատահում է, որ բանվորություն եմ անում, մի երկու կոպեկ են տալիս: Մեքենա էի առել ու տաքսու տակ դրել, բայց որ իմանում էին ինչ անցյալ եմ ունեցել, էլ չէին նստում: Փոքր քաղաքում ապրելն էլ իր դժվարություններն ունի: Հիմա Ռուսաստան եմ գնում գալիս»,-«Մեդիալաբին» պատմում է Բարսեղյանը:
Իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ Հայաստանում չկա պետական քաղաքականություն նախկին դատապարտյալների վերաինտեգրման, աշխատանքային զբաղվածության խնդիրների լուծման համար:
«Այսինքն ազատ արձակվելուց հետո այս անձիք հայտնվում են միայնակի կարգավիճակում, չեն իմանում ում դիմել և ինչ անել, իսկ շատերին պարզապես չեն ընդունում աշխատանքի հենց դատվածություն ունենալու պատրվակով: Դրա հետևանքով հնարավոր է անձը նորից դիմի գողության կամ ուղղակի լքի երկիրը»,-ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան, ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը, ով նաև զեկույցի հեղինակներից մեկն է։
Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 2013-ին հրապարակած զեկույցի, որի շրջանակում հարցում է իրականացվել 33 նախկին դատապարտյալի միջև, պարզ է դառնում, թե այդ անձիք ինչ խոչընդոտների և խտրական վերաբերմունքի են արժանանում ազատ արձակվելուց հետո ինչպես ընտանիքի և հասարակության կողմից, այնպես էլ գործատուների:
Հարցվածներից մեկը պատմում է, որ ազատություն ստանալուց հետո ամենածանրը աշխատանք չգտնելն էր. «Ես բանկային համակարգից էի գնացել, որտեղ նորից վերադարձ չկար, և չնայած ինձ չէին արգելել իմ գործունեությամբ զբաղվել, պատիժ չէին սահմանել, բայց համենայն դեպս, այդ բնագավառ նորից մուտք գործելն արդեն անհնարին էր: Բնական է՝ թույլտվություն չէր լինելու, ես էլ չփորձեցի անգամ դիմել»:
Լիլիթ Առաքելյան
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում