Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանի հակակոռուպցիոն ծրագիրը հանձնաժողովների նախագահներին երկընտրանքի առջեւ է դնելու

Փետրվար 09,2016 14:23

Փետրվարի երկուսին շրջանառության մեջ դրված հակակոռուպցիոն նախագծերի փաթեթը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ, տնտեսության զարգացման վրա ազդեցություն ունեցող հանձնաժողովները ապաքաղաքականացնող նախաձեռնություն է:

Այսօր «Անալիտիկ» ակումբում նա պատմեց, որ իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լուրջ թիրախավորել է Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլեր է նախատեսել. հակակոռուպցիոն նախագծերի փաթեթը այդ քայլերից մեկն է:

Ըստ նրա, նախաձեռնությունների փաթեթով առաջարկում են փոփոխություններ ու լրացումներ կատարել ՏՄՊՊՀ-ի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի եւ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքներում: Պարոն Մարուքյանի խոսքով, նշված հանձնաժողովներն այն հանձնաժողովներն են, որոնք լուրջ ազդեցություն ունեն տնտեսության զարգացման, հավասար, բարեխիղճ մրցակցային պայմանների ապահովման հարցում, հետեւաբար անհրաժեշտ է ապահովել այդ մարմինների հնարավոր քաղաքական չեզոքություն:

Նա նշեց, որ ՏՄՊՊՀ նախագահը ՀՀԿ-ական է, իսկ հայտնի է, որ բիզնեսը կենտրոնացված է ՀՀԿ-ի ձեռքում. «Փորձը ցույց է տալիս, որ հանձնաժողովի նախագահի՝ կուսակցական լինելը կաշկանդում է հանձնաժողովին իր գործունեության մեջ, հովանավորչությունը բացառելու առումով կարծում ենք, որ քաղաքական չեզոքությունը պարտադիր է»:

Պատգամավորի խոսքով, իրենց առաջարկած փաթեթի ընդունման դեպքում, այն պաշտոնյաները, որոնք նշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոններում, նոր Սահմանադրության համաձայն, որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չեն կարող լինել, իսկ գործողները պարտավոր են կամ հրաժարվել կուսակցությունից կամ պաշտոնից:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեությանը՝ պարոն Մարուքյանն ասաց, որ վերջերս են ծանոթացել հակակոռուպցիոն խորհրդի 19 էջանոց հաշվետվությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարի որեւէ կամք, լուրջ քայլ չեն տեսել. «Ճիշտ է աշխարհում լավագույն փորձ է համարվում ուսուցիչներին ու աշակերտներին բարեվարքության մասին սեմինարներ անելը, բայց չեմ կարծում՝ Հայաստանում այս պահին այդ ճանապարհով գնալը կոռուպցիոն ռիսկերը կամ շահերի բախման հետ կապված խնդիրները կնվազեցնի: Հայաստանում շահերի բախման քաղաքականության բացակայության լուրջ խնդիր կա, բազմաթիվ պաշտոնյաներ, նրանց հետ փոխկապակցված անձինք շահերի բախման մեջ են գտնվում այդ պաշտոնյաների լիազորությունների հետ կապված հարցերում»:

Հարցին՝ ներկայացնում եք փաթեթը, որ քննարկվի, թե ներկայացնում եք ներկայացնելու համար, պարոն Մարուքյանն ասաց. «Ներկայացնում ենք, որ այն քննարկվի, չի կարող չքննարկվել: Հակակոռուպցիոն խորհուրդը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պատրաստ են պայքարել, ես ներկայացնում եմ, կամք ունեք, դե պայքարեք: Սա մարտահրավեր է նաեւ հակակոռուպցիոն խորհրդին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29