Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայա Գոյկովիչը կարևորեց երկու Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերությունները

Փետրվար 09,2016 13:39

Փետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ նշեց, որ պետական բարձր մակարդակով փոխայցելությունների շնորհիվ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առավել սերտանում են: Նորին Սրբությունն անդրադարձավ դեռևս վաղ միջնադարից Սերբիայում հաստատված հայ համայնքին և հայ-սերբական պատմական կապերին:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս Սերբիայի ԱԺ նախագահի մասնավոր իր գնահատանքը բերեց սերբ ժողովրդին` 1988 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և համագործակցությանը:

Իր հերթին տիկին Մայա Գոյկովիչը խոսեց երկու ժողովուրդների պատմական անցյալի և երկու երկրների ներկայիս գործակցության մասին: Նա նաև կարևորեց երկու Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերությունները` ընդգծելով, որ Եկեղեցին կարևոր դերակատարություն ունի հասարակության կյանքում:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկրների առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման գործում Եկեղեցիների բերած զորակցության մասին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ քրիստոնեական միևնույն արժեքներ դավանող հայ և սերբ ժողովուրդները դարերի ընթացքում հույսով ու հավատքով են վերապրել բոլոր փորձությունները և լավատեսության ոգով իրականացրել իրենց իղձերն ու նվիրական երազանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև եղբայրական իր ողջույնները փոխանցեց Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իրինեոսին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29