Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Անիի եկեղեցին մեկ օրում դարձավ վրացական. «Հայոց աշխարհ»

Փետրվար 09,2016 13:22

Գյումրիում գտնվող քանդակագործության ազգային պարկ-թանգարանի աշխատակիցները մտահոգված լինելով Անիում Տիգրան Հոնենցի կառուցած Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատագրով, հատուկ դիմում-նամակ են հրապարակել՝ դիմելով Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին:

Նամակ գրելու պատճառն օրեր առաջ համացանցում տեղադրված եկեղեցու լուսանկարն է եղել, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչպես են թուրքերն այն վերականգնելիս աղավաղել` գմբեթի փոխարեն եկեղեցու վերեւում տանիք կապելով եւ այն վրացական հռչակելով։

«Գաղտնիք չէ, որ թուրքերն ու վրացիները հայերի հաշվին փորձում են միմյանց սիրաշահել` հայտարարելով իբր թե մեր վանքերը, եկեղեցիները վրացական են:

Իսկ հնարավորության դեպքում նրանք անգամ աղավաղում են այդ շինությունները` փորձելով դրանցից հնարավորինս մաքրել հայկական հետքը: Դրա վկայությունը Տայքում գտնվող հայկական եկեղեցիները վրացականացնելու թուրքերի ու վրացիների ջանքերն են:

Վրացիներից էլ հեռու չէ հայկական մշակութային արժեքները սեփականացնելու ձգտումը: Թուրքերը ճիշտ նշանակետին են խփում` իրենց նենգ խաղի մեջ ներքաշելով վրացիներին, քանի որ գիտեն նրանց ախորժակը:

Այս դեպքում վրացիների ու թուրքերի շահերը համընկնում են: Թուրքն էլ ամեն ինչ անում է իր զավթած տարածքներում հայկական հետքը վերացնելու եւ հայկական հարցի գլխացավանքից ձերբազատվելու համար: Նրանք էլ իրենց եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում 19-րդ դարի հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ աշխարհիկ հասարակական շինությունները, որոնք կառուցել են հայերը, բյուզանդական են ներկայացնում` դրանք վերագրելով 500 տարի գոյություն չունեցող կայսրությանը: Ինչն էլ չեն կարող բյուզանդական հռչակել, վերագրում են վրացիներին, քանի որ քրիստոնյա հարեւան պետություններից միայն վրացիներն են, որ սիրահոժար ներքաշվում են նրանց խարդավանքների մեջ»,- մեր թղթակցին ասաց Սամվել Կարապետյանը:

«Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1215թ.` մեծահարուստ Տիգրան Հոնենցի միջոցներով: Եկեղեցին նախագծով ավարտվել է վերձիգ բազմանիստ թմբուկ ունեցող գմբեթով: Դա երեւում է պահպանված արխիվային լուսանկարներում:

Իսկ ներսից գավիթն ու աղոթասրահը ամբողջովին պատված են բարձրարվեստ որմնանկարներով, որոնց մեջ մեծ տեղ է զբաղեցնում Գրիգոր Լուսավորչի կյանքի կարեւորագույն դրվագները ներկայացնող պատկերաշարը: Արտաքինից գմբեթակիր ուղղանկյուն նախագիծը հիշեցնում է Անիի Մայր տաճարը, սակայն ավելի փոքր չափերով:

Ամեն ինչ հուշում է, որ այդ եկեղեցին հայկական է` կառուցվածքով, ճարտարապետությամբ, որմնանկարներով, փաստաթղթերով: Այն Անիում գտնվող եկեղեցիներից ամենից լավ պահպանվածներից է: Սակայն վերջին տարիներին թուրքերը եկեղեցին նորոգելով` իբր թե գլխի չեն ընկել, թե ինչ տեսք է ունեցել կիսավեր գմբեթը եւ շինության վերեւում տանիք են կապել, խնամքով թիթեղապատել են, եկեղեցու մոտ դրված ցուցանակում էլ գրել են՝ վրացական եկեղեցի:

Ժամանակ անց այս եկեղեցին կդառնա վրացական գործող եկեղեցի, որտեղ կղողանջեն վրացական զանգեր: Արդյունքում Անիի միակ գործող եկեղեցին կդառնա ոչ հայկական»,- մեզ պատմեց թանգարանի տնօրեն Արթուր Գեւորգյանը։

«Անին հայտարարելով մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից եւ դրանով իսկ ստեղծում հայկական պահանջի չեղարկման միջավայր:

Մեզ համար նաեւ մտահոգիչ է եկեղեցու վերականգնման ընթացքում այն վրացական քաղկեդոնական հայտարարելը եւ դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների եւ մշակութային հակամարտության հրահրումը: Ուստի մեր պահանջն է թուրքական կողմից` իրավասու կառույցներից, զերծ մնալ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային հակամարտության հրահրումից:

Վստահ ենք, որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում եւ պատմական արդարության վերականգնման համար պատրաստ են մասնագիտական եւ հանրային քննարկումների ու երկխոսության: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում եւ երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում»,- գրված է նամակի մեջ:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29