Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խմբի փետրվարի 6-ին հրապարակած վերջնական զեկույցը մի շարք հարցեր է առաջացնում։
Ակնհայտ է, որ հիշյալ փաստաթուղթը կազմողներն առաջնորդվել են որոշակի եւ հստակ նպատակադրումով. այն է՝ ամեն կերպ ի ցույց դնելով Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի թերությունները, միաժամանակ պարզապես մոռացության տալ նրա լեգիտիմության հարցը՝ այսօրվանից հայացքն ուղղելով 2017 թվականի գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վրա։
Գաղտնիք չէ, որ ի սկզբանե դրական էր Արեւմուտքի վերաբերմունքը սահմանադրության փոփոխության գաղափարի հանդեպ, ուստի տեղի ունեցածը դիտարկելով պրագմատիկ շահերի դիտանկյունից՝ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խումբը իր վերջնական զեկույցում առաջնորդվել է հանրաքվեի արդյունքները նրա ընդունման ընթացակարգից տարանջատելու սկզբունքով։ Այսինքն՝ հանրաքվեն ճանաչվել է որպես կատարված իրողություն, որը որպես այդպիսին ենթակա չէ վիճարկման։
Նման մոտեցումը հիմնավորվել է նրանով, որ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդները ձայների հաշվարկին հետեւել են ընդամենը երկու տեղամասում, ուստի դրա հիման վրա չեն կարող որոշել, թե «արդյոք հայտնաբերված թերություններն իրենցից ներկայացնում են ավելին, քան հակաօրինական առանձին դեպքեր»։
Կարդացեք նաև
Հասկանալի է, որ սա, այսպես ասած, պարզ պատրվակ է, քանի որ Հայաստանում ոչ ոք չի սահմանափակել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայությունը ընդամենը երկու տեղամասի շրջագծում, այլ հենց իրենք են որոշել դիտորդական առաքելության ծավալն ու ուղղվածությունը։
Դրանից հետո անցնելով իր բուն գործին՝ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խումբը, սակայն, վեր է բարձրացրել ոչ միայն իր փորձագետների նկատած թերությունները, այլեւ առաջարկել է ընդհանրապես հայաստանյան ընտրական գործընթացներում եղած թերությունների հաղթահարման որոշակի մեխանիզմներ։
Այդ թերությունները, ըստ էության, մեր բոլոր ընտրությունների ուղեկից պրոբլեմներն են՝ ընտրացուցակների հստակեցված չլինելու փաստը, քարոզարշավի ընթացքում հանրային ռեռուրսի չարաշահումը, բողոքարկումների հարցը, ընտրախախտումների համար նախատեսվող պատիժների անհրաժեշտությունը, եւ այլն, եւ այլն։
Միաժամանակ անմիջապես աչք է ծակում այն իրողությունը, որ ընդամենը երկու տեղամասի դիտարկման հիման վրա ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի արձանագրած թերություններն այնքան շատ են ու բազմազան, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք մի հսկայական դիտորդական առաքելության գործունեության արդյունքների հետ։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում