ԱՄՆ-ում կամ այլ երկրներում ստոմատոլոգը չի մտածում տնտեսական հաշվարկների մասին, այլ զբաղվում է բժշկի իր գործով: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ ստոմատոլոգ եւ իմպլանտոլոգ Կարեն Գրիգորյանը:
Ստոմատոլոգների միջազգային օրվա առիթով, որն աշխարհը նշում է այսօր, բժիշկ Գրիգորյանը հորդորեց տարին առնվազն 1-2 անգամ դիմել ստոմատոլոգի ծառայությանը, քանի որ բերանի խոռոչի առողջությունն ու մաքրությունը առողջ լինելու գրավականներից մեկն է:
Aravot.am-ի հարցին, թե արտոնագրային կարգում փոփոխությունից հետո, երբ հարյուրավոր ստոմատոլոգներ պնդում էին, որ ի վնաս իրենց բիզնեսի է, ատամնաբուժարանները կփակվեն եւ այլն, այս ոլորտում բժիշկների արտագաղթ նկատե՞լ է, պարոն Գրիգորյանն ասաց, որ գնացողներ էլ են եկել, եկողներ էլ:
Մեր այն հարցին էլ, թե քանի՞ տոկոսով են ծառայության գները բարձրացել, լիցենզավորման կարգի փոփոխությունից հետո, քանի որ փոփոխությամբ հարկերը ավելացել են, բժիշկ Գրիգորյանը վստահեցրեց, որ թանկացում չի եղել, դեռ մի բան էլ էժանացել է, քանի որ մարդիկ սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով, չեն կարողանում օգտվել այդ ծառայությունից: Կարեն Գրիգորյանը ընկեր-ծանոթներից նաեւ լսել է, որ որոշ ատամնաբուժարաններ փակվել են:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Կարեն Գրիգորյանը ցանկանում է, որ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը որքան հնարավոր է շուտ բարելավվի, քանի որ, ըստ մասնագետի, «ծանր սոցիալ-տնտեսական վիճակը ստոմատոլոգների զարգացման համար խոչընդոտ է»:
«Մեր տեխնոլոգիաները օրեցօր, վագրային թռիչքներով են զարգանում, հիմա արդեն թվային տեխնոլոգիաներ են եւ մենք, բնականաբար, այցելելով տարբեր ցուցահանդեսներ, լինելով տարբեր երկրներում, շատ կուզեինք, որ այդ տեխնոլոգիաները մուտք գործեին Հայաստան: Այն եզակի լավատեսները, կամ առաջատար կլինիկաները, ուղղակի էնտուզիազմի հաշվին են աշխատում, այստեղ ոչ մի բիզնես հաշվարկ չկա, ուղղակի սերը մասնագիտության նկատմամբ ստիպում է նրանց հետ չմնալ, բերել ներդնել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ