Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահյանի որդին ուզում է վաճառել իր մոտ եղած նյութերը. «Իրատես de facto»

Փետրվար 09,2016 12:44

Համո Սահյանի անտիպներին ո՛չ մշակույթի նախարարությունում էին տեղյակ, ո՛չ գրողների միությունում։ Փորձեցի պարզել՝ ի՞նչ գիտեն այս մասին գրականության ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը նույնպես ոչինչ չէր լսել Սահյանի արխիվի մասին։ Ասաց, որ գրականության ինստիտուտին որևէ մեկը չի դիմել այդ հարցով, գրական միջավայրում Սահյանի մասին մասնավոր զրույցների ընթացքում նման խոսակցություն, հարցադրում երբևէ չի եղել:

Վարդան Դևրիկյանը չէր սխալվում, երբ ասաց, որ որևէ պաշտոնական դիմում չի եղել։ «Անտերության» մատնված արխիվի լուրը լայն տարածում էր գտել սոցցանցերում ու մամուլում, իսկ ահա գրականության ու արվեստի թանգարան էր հասել ընդամենը օրեր առաջ։ Այս մասին տեղեկացանք Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանից:

«Նաիրի Սահյանը ցանկն է բերել, ձեռագրերն անմիջապես հետ տարել։ Խոսքը 400-500 էջի մասին է։ Նամակներ են, բանաստեղծություններ, ընդ որում՝ ոչ բոլորն են ձեռագիր, մի մասը մեքենագիր է։ Բովանդակությանը դեռ ծանոթ չենք։ Հիմա ուսումնասիրում ենք, ճշտում՝ որն է անտիպ, որ մասը հրատարակված։ Խնդիրը մի քիչ բարդ է, քանի որ Սահյանի որդին ուզում է վաճառել իր մոտ եղած նյութերը, և մեր ֆոնդային հանձնաժողովն աշխատում է դրանք գնահատելու ուղղությամբ»։

Կարո Վարդանյանն ընդգծեց, որ երբ խոսքը 400-500 էջի մասին է, արխիվ չի կարելի կոչել, թանգարանում ավելի մեծ քանակի նյութ ունեն։ Հետաքրքրվեցի՝ անտի՞պ են այդ նյութերը։ Ի պատասխան Կարո Վարդանյանն ասաց, որ պետք չէ սևեռվել անտիպի վրա, որովհետև Սահյանը մեր առավել սիրված և ամենից շատ հրատարակված բանաստեղծներից է։ Հնարավոր է՝ անտիպ լինեն նամակները, որոնք այդքան հաճախ չեն տպագրվում, պոեզիան չեն համեմատել, ստուգել, բայց քիչ է հավանականությունը, որ մեծ քանակի անտիպ բանաստեղծություններ լինեն։ Նկատեց նաև, որ թանգարանի ֆոնդապահոցներում մեկուկես միլիոն միավորից ընդամենը 10-20 տոկոսն է հրատարակված։

Այսպիսով, Նաիրի Սահյանի տրամադրած նյութերն ուսումնասիրելուց հետո առաջիկայում արձանագրություն կկազմեն, կտեսնեն՝ ի վիճակի՞ են կամ նպատակահարմա՞ր է ձեռք բերելը դրանք։ Եվ դեռ հարց է՝ թանգարանի ֆոնդային հանձնաժողովի կազմած եզրակացությունը Նաիրի Սահյանի ակնկալիքները կարդարացնի՞, թե՞ ոչ։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ ՚

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29