«ՉԻ» հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշեց, թե դատարանում ընտրակեղծարարների նկատմամբ արագացված դատաքննություն նշանակելու նպատակն է, որ չհետազոտվեն ապացույցները։ «Արագացված դատաքննության դեպքում դատական նիստի ժամանակ ապացույցները չեն հետազոտվում, քանի որ համարվում են հաստատված ապացույց։ Իսկ եթե ապացույցները հետազոտվեն, կարող է շատ բան պարզվի, օրինակ՝ հարց տրվի, թե ով էր դրդել հանցագործության։
Չեմ կարծում, որ որեւէ մեկի ուշքը գնում էր այդ սահմանադրության համար, որ հանուն դրա գնան հանցագործության։ Իրենց հրահանգել են այդ խախտումն անել։ Ու հիմա այդ ամենը կոծկելու համար էլ իշխանությունները գնում են այդ քայլին։ Առավել եւս, որ արագացված դատաքննության դեպքում մեղմ պատիժ է սահմանվում»,- ասաց նա՝ հավելելով, որ սա հանցանքը բացահայտելուց խուսափելու ամենահարմար տարբերակն է։
Մեր հարցին, թե՝ միգուցե նախաքննության ընթացքում քննիչները տվել են հարցերը՝ հանցագործության դրդապատճառների, դրդիչների մասին, Խաչատրյանը նշեց. «Վստահ չեմ, որ այդ հարցը տալիս են»:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում