Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունը անդամագրվեց Եվրոպական ընտանիքին՝ ի սկզբանե չունենալով իրապես ժողովրդավարական շատ ու շատ հատկանիշներ:
Հետխորհրդային երկրներին անկախացումը մատուցվեց սկուտեղի վրա և գուցե հենց այդ է պատճառը, որ նրանցից մի մասը չկարողացավ պատշաճ ժողովրդավարական, իրավական, սոցիալական երկիր կառուցել:
Անցել է քառորդ դար, սակայն ՀՀ-ում օրվա իշխանությունը դեռ մտմտում է, թե որ արժեհամակարգում գտնի իրեն և իրենը…:
Գուցե հենց այդ էր պատճառներից մեկը, որ 2014թ. սեպտեմբերի 3-ին քաղաքական վեկտորի շրջադարձ տեղի ունեցավ դեպի ԵՏՄ՝ այն որակելով իբրև տնտեսական փոխշահավետ համագործակցության դաշտ: Այնտեղ «ժողովրդավարությունը» պահվում է գերդաստանների ջերմոցներում:
Կարդացեք նաև
Ի դեպ, միջինասիական շատ երկրներում ևս կա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ: Դժվար է գնահատել նրանց աշխատանքի արդյունավետությունը:
Սակայն ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը արդեն որերորդ անգամ հայտնվում է խաղից դուրս իրավիճակում:
Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան, Կարեն Անդրեասյան՝ օմբուդսմեններ, որոնք փորձ արեցին քայլեր կատարելու մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում:
Նրանցից և ոչ մեկը հնարավորություն չունեցավ պաշտոնավարել տրված ժամկետում: Պատճառներից մեկը և գուցե առաջնայինը այն էր, որ իշխանությունները նրանց նշանակել էին, որպեսզի Եվրոպական ընտանիքին կարողանային ներկայացնել, որ ՀՀ-ում ևս կա օմբուդսմենի ինստիտուտ:
Վերը հիշատակված անձինք, աշխատելով որպես ՄԻՊ, հավանաբար փորձել էին դառնալ մարդու իրավունքների իրապես պաշտպան: Բնական էր, որ այդ գործառույթները անկաշկանդ և թափանցիկ ներկայացնելու պարագայում խաչվում են օրվա իշխանությունների ցանկությունները և ՄԻՊ-ի գործողությունները:
Այսօր ՀՀ-ում դարձյալ ՄԻՊ-ի շուրջ ծավալվում է եռ ու զեռ: Օրվա իշխանությունների կողմից ՄԻՊ առաջադրվող թեկնածուն, լինելով իրավաբան, պետք է կարողանա վեր հանել և բարձրաձայնել մարդու իրավունքների պաշտպանությանը խոչընդոտող շատ խնդիրներ: Միայն այդ դեպքում առաջադրվող թեկնածուն կարող է ունենալ հեղինակություն և արժանանալ հանրության վստահությանը:
Հենց այդ պարագայում, եթե բարձրաձայնված խնդիրները իշխանությունների քիմքին հարմար չեղան, նրանք կձեռնարկեն ՄԻՊ-ի նոր թեկնածուի փնտրտուք:
Իսկ եթե ամեն ինչ իշխանությունների ծրագրած ձևաչափով լինի, այդ դեպքում ՄԻՊ-ի փոփոխություն չի լինի և ամենից կարևորը ՄԻՊ-ը կդառնա իշխանությունների իրավունքների պաշտպան՝ ԻԻՊ:
Այսքանից հետո մնում է հարցնել՝ պարտադի՞ր է ՀՀ-ում ՄԻՊ ունենալը…:
Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար
Պարզ ու հասկանալի շարադրված է իսկությունը: