«Ես չեմ մասնակցել ֆրակցիայի ներքին խմորումներին, տեղյակ չեմ` ստորագրահավաք եղե՞լ է, թե՞ ոչ, բայց կային մարդիկ, որոնք, ըստ ինձ հասած լուրերի, ուզում էին կոալիցիա մտնել: Ուղղակի, ինձ համար անհասկանալի է, թե նրանք ո՞նց էին մտածում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն`անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունների ֆոնին ԲՀԿ-ում առաջացած խմորումներին:
Հիշեցնենք, ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ`Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, պնդում էին, որ ԲՀԿ-ն ևս կոալիցիայի մաս կազմի:
Մյուս թեւը`կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, «դեմ» էր կոալիցիային: Մի քանի օր տեւած վեճերի արդյունքում, որոշվեց, որ ԲՀԿ-ն, այնուհանդերձ, կպահպանի իր ընդդիմադիր կեցվածքը:
Այդ ընթացքում նաեւ խոսակցություններ եղան, որ կոալիցիային «կողմ» թեւը Նաիրա Զոհրաբյանին ԲՀԿ ղեկավարի աթոռից պաշտոնանկ անելու ստորագրություններ է հավաքում:
Կարդացեք նաև
«Ես համաձայն եմ Նաիրա Զոհրաբյանի տեսակետին. խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի եւ այդ ընթացքում իշխանության հետ կոալիցիա կազմելը չի բխում կուսակցության շահից»,- ասաց Արագած Ախոյանը` հավելելով, որ կուսակցության ցանկացած անդամ դա պետք է հասկանար. «Այս մեկ տարվա ընթացքում կոալիցիա կազմելը`նշանակում է պատասխանատվություն վերցնել: Մինչեւ հիմա, Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն կարողացավ իր դեմքը պահել, իր ուղին չփոխել»:
Արագած Ախոյանի համար անհասկանալի է, թե ի՞նչ հավակնություններ ունեին այն ԲՀԿ-ականները, որոնք ցանկանում էին կոալիցիա մտնել. «Ես չեմ շփվում, չգիտեմ, բայց գիտեմ, որ կոալիցիոն համաձայնագիր, հուշագիր ստորագրելը`ձգտում է պաշտոնների: Կոալիցիա կազմել ցանկացողները, բնականաբար, կունենային ամբիցիաներ: Պաշտոնների էին հավանաբար ձգտում: Ես կոնկրետ ոչ ոքի նկատի չունեմ, քանի որ անուն առ անուն չգիտեմ, թե ովքե՞ր էին ցանկանում կոալիցիա մտնել: Բայց իմ մեջ հարց է առաջանում`ի՞նչ պաշտոններ եւ ինչի՞ համար: Եթե դա ինքնանպատակ է`այլ հարց: Բայց կուսակցության շահերի մասին մտածող մարդիկ նման առաջարկ չէին անի»:
Հետաքրքրվեցինք`իսկ ի՞նչ բացատրություն են ներկայացրել գործընկերներին` կոալիցիա կազմելու կողմնակիցները: «Ես մեկ-երկու անգամ եմ հպանցիկ խառնվել այդ հարցին, թեպետ ԲՀԿ-ի ճակատագիրն ինձ շատ է անհանգստացնում, ես բնավ անտարբեր չեմ, քանի որ այդ կուսակցության հիմնադրման օրից եղել եմ ԲՀԿ-ում`մինչեւ անցած տարվա հայտնի դեպքերը (նկատի ունի Գագիկ Ծառուկյանի հեռանալը քաղաքականությունից եւ ԲՀԿ-ից-Ն. Գ.): Ես ամագ ունեմ ԲՀԿ-ի վրա եւ շատ եմ ցավում, որ ինչ-որ մի բան այնպես չի լինում: Ես ուղղակի հորդորեցի այն մարդկանց, որոնք ուզում են կոալիցիա կազմել`պահել սեփական դեմքը, մանավանդ, որ առաջիկայում էլ ընտրություններ են: Այս խառը իրավիճակում չարժե ժողովրդի մոտ լրացուցիչ տարակուսանք առաջացնել: Ես շատ խելամիտ եմ համարում ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը»:
Կոալիցիային «կողմ» ԲՀԿ-ականները միանգամից եւ կտրուկ համակերպվեցին այն մտքի հետ, որ ԲՀԿ-ն, մինչեւ ընտրությունները, կոալիցիա չի մտնի. ինչպե՞ս պատահեց, «վերեւների՞ց» սաստեցին: «Ես նման տեղեկության չեմ տիրապետում: ԲՀԿ-ն որոշակի հարցերի շուրջ ունի ընդդիմադիր դիրքորոշում եւ ես չգիտեմ, թե ի՞նչ «վերեւի» մասին եք ասում: Այդ հարցն ուղղեք ԲՀԿ կուսակցության անդամներին»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ