Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտը մի կերեք

Փետրվար 09,2016 10:19

Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է: Նույն կուսակցության կարկառուն գործիչներ Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը դրանից բխող Կարսի պայմանագիրը ստորագրողների թվում էին (իրավական առումով նույնքան անհասկանալի «Հայկական ՍՍՀ»-ի անունից): Պետք է ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացման ֆոնին Մոսկովյան պայմանագիրը չեղարկելու թեմայով հայտարարություններ են անում ռուսաստանյան քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նավալնին եւ Ժիրինովսկին: Ճիշտ, թե սխալ հասկացված պետական շահերի առումով այդ երկրի բոլոր քաղաքական գործիչները միակամ են:

Ռուսաստանի պետական շահերը, կարծում եմ, իրապես պահանջում են շանտաժի ենթարկել Թուրքիային եւ խաղարկել բոլոր «խաղաթղթերը», այդ թվում՝ հայկական: Դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանն իսկապես մտադիր է երբեւէ չերկարացնել այդ չարաբաստիկ պայմանագիրը՝ ուղղակի սա եւս մի լծակ է ավելի լավ, ավելի շահեկան դիրքերից Թուրքիայի հետ ի վերջո «բարիշելու»: Իսկ որ դա վաղ թե ուշ տեղի կունենա՝ թող ոչ ոք չկասկածի: Դա մի քիչ նման է Հայաստանի (եւ ցանկացած այլ երկրի) ներքին կյանքի գործընթացներին: Եթե մեկն ընդդիմադիր դաշտում չափից դուրս շատ է կոկորդ պատռում, իմացեք՝ շատ հնարավոր է, որ նա «իր գինն է բարձրացնում»՝ իշխող կոալիցիայի մաս դառնալու համար:

Մի խոսքով՝ ռուսաստանյան քաղաքական գործիչների նման հայտարարությունների դրդապատճառները պարզ են՝ դա բնականոն քաղաքական երեւույթ է: Պարզ չէ որոշ հայերի ոգեւորությունը եւ նրանց ենթադրությունները «չըլլալիք» բաների մասին: Եթե Ռուսաստանը «մեր գեղեցիկ աչքերի համար» պատրաստվում է որեւէ լավ բան անել, ապա եկեք խնդրենք այդ երկրի ղեկավարությանը, որ չխոչընդոտի Հայաստանի՝ տնտեսական եւ քաղաքական կապերի դիվերսիֆիկացմանը:

Կարծում եք՝ մենք միայն Ռուսաստանի՞ հարցում ենք այդքան միամիտ: Ոչ, ԱՄՆ-ի հարցում՝ նույնպես: Աշնանն այդ երկրում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ այնտեղի հայերի մի մասը կողմնորոշվում է նրանով, թե թեկնածուներից որ մեկն ինչ կասի Հայոց ցեղասպանության մասին: Բայց քանի՞ կոպեկ արժե «ասելը», եթե, միեւնույն է, նախագահ դառնալուց հետո այդ գործիչը խոսքից հետ է կանգնելու: Այնպես որ, սիրելի ամերիկահայեր, կողմնորոշվեք այլ չափանիշներով:

…Ի դեպ, Պողոս Մակինցյանը նաեւ հայերենի լատինատառ ուղղագրության ջատագով էր: Այսօրվա հայ երիտասարդների մի մասը համացանցում «կյանքի է կոչում» բոցավառ բոլշեւիկի այդ երազանքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Այսինքն ,,կուտը չուտելու,, համար ինչ դիրք պիտի բռնենք? ա) չլսելու տանք ու ձայն չհանենք? բ) բողոքենք պայմանագրի հնարավոր դենոնսացիայի դեմ? գ) փորձենք համագործակցել ու նպաստել այդ նախաձեռնությանը` անկախ այն իրական լինի, թե շանտաժի միջոց: Ակամա հայտնի անեկդոտն է հիշվում բանանի կճեպի մասին – թուհ, էլի պիտի սայթակենք!

  2. մարդ says:

    Կուտը ուտելու ժամանակներն արդեն անցել են. Բոլորն ել ձեվ են տալիս թե կուտն ուտում են , բայց իրականում անում այն ինչ իրենց ձեռք է տալիս. Իսկ եթե դեռ մնացել են կուտ ուտողներ ,միայն կարող եմ ասել որ «անուշ լինի հավո ջան».

  3. Հ.Շ. says:

    1921-ի տխրահռչակ դաշնագրի վերացման վերաբերեալ աղմուկը, ինքնին, հաճելի է: Ինչո՞ւ մենք մեզի զլանանք գոնէ այդ հաճոյքը: Քաջ գիտնալով թէ ճամբան տակաւին երկար, շատ երկար ու դժնդակ է, մինչեւ մեր ազգային արդարացի ձգտումների իրականացումը:

    Ի դէպ, խանդավառվինք կամ ոչ, ի՞նչ տարբերութիւն: Արդէն, ցարդ, մեզ բան հարցնող չկայ… Իրենք իրարու հետ վիճաբանում են, կռվտում են. յետոյ կը հաշտվի՞ն, չե՞ն հաշտվիր, կը տեսնենք…

    Ի մտի ունենալով որ, անցած երեսուն տարիներու ընթացքին, աշխարհի տարածքին շատ մը բաներ իրականացան, որոնք անկէ առաջ անհնար էր երեւակայել, երազ կամ ցնորք կը համարվէին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29