Չինական նոր տարվա կամ, ինչպես հայտնի է, Գարնան տոնի կապակցությամբ Երևանում առաջին անգամ ողջ փետրվարի ընթացքում անցկացվելու են հայ-չինական մշակութային օրեր՝ ավանդական երաժշտությամբ և պարերով։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան, «Սանգուան» առողջարարական կենտրոնը և Չինական գիտության և մշակույթի կենտրոնը:
Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում: Դրանցից առաջինը կայացավ փետրվարի 8-ին՝ Հայաստանի Ճարտարապետների միությունում: Միջոցառման ժամանակ Չինական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանը կրում էր հայկական և չինական նախշերի համադրությամբ կարմիր զգեստ, և, ինչպես նա նշեց, կարմիրը երկու մշակույթներում էլ ուրախություն և հաջողություն է բերում։ Դա է պատճառը, որ Չինաստանում Նոր տարուն կարմիր զարդեր ու հագուստ են կրում կամ տանը ինչ-որ կարմիր դետալներ են ունենում։ Նա չինարեն կատարեց օտարության մեջ հայտնված տղայի մասին «Մամա, այդ ես եմ» կոչվող ստեղծագործությունը, որի հերոսը, ինչպես պանդխտության մեջ հայտնված հայերը, ձգտում է միայն տուն։
Ցուցադրեցին չինական ազգային պարեր և բեմը տրամադրեցին Գագիկ Գինոսյանին ու նրա խմբի տղաներին՝ հայկականը ներկայացնելու և ներկաներին էլ պարային շարժումներ սովորեցնելու համար։ Միջոցառման ավարտին գրեթե բոլորը պարում էին, իսկ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահը շտապեց նշել, որ միջոցառումների շարքը շարունակվում է։ Ծրագիրը ներառում է «Ստեղծիր քո ուրույն կալիգրաֆիան» խորագրով միջոցառում, չինական թեյախմություն և հայկական խոտաբույսերի թրմերի համտեսում, հնագիտական գտածոների և պատմական փաստերի վրա հիմնված փաստագրական ֆիլմի ցուցադրություն, չինական հիերոգլիֆների և հայկական տառատեսակների խորհրդի մասին դասախոսություն և միջոցառում՝ «Հայկական ռազմապարերը՝ մշակույթ և ռազմական ոգի» խորագրով։ Վերջինիս ժամանակ պատրաստվում են ներկաներին սովորեցնել ուշուի ինքնապաշտպանական հնարքներ։ «Մարդ պետք է առողջ լինի և՛ հոգով, և՛ մարմնով, որովհետև տկար մարդն ավելի նախանձ և չարամիտ է, իսկ առողջը պատրաստ է կռվել, հաղթել ու առաջ գնալ»,- նշեց ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը։ Նա ավելացրեց, որ ծրագիրը նպատակ ունի համեմատելով այս երկու ընդհանրություններ ունեցող մշակույթները՝ ցույց տալ հայկական մշակույթի ողջ հարստությունն ու աշխարհում ունեցած դրա ուրույն տեղը, ինչը, նրա կարծիքով, շատ հաճախ մենք ինքներս չենք գիտակցում։
Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆ