Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը հացադուլով բողոքում է իր նկատմամբ կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ:
Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը հացադուլ է սկսել հունվարի 29-ից: Նրա պաշտպան՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշ ժամանակ առաջ իր պաշտպանյալը կրկին նույն պահանջով էր հացադուլ անցկացնում, բայց նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ կալանքի ժամկետը կրկին երկարաձգվեց:
«Ամեն դեպքում խնդրել եմ, հորդորել, որ դադարեցնի»,- ասաց փաստաբանը՝պատմելով, որ իր պաշտպանյալի գործով մինչեւ այժմ ներկայացվել է մի վկայի հարցաքննության արձանագրություն. «Որն անմիջական Մուշեղին մեղադրում է տվյալ հրեշավոր արարքը կատարելու մեջ: Դետալ առ դետալ նկարագրում է: Նախաքննության մարմինը, այդ ցուցմունքը հիմք ընդունելով, որոշում է կայացրել կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան, դրանից հետո էլ երկու անգամ ժամկետը երկարացնում է: Երկարացումն էլ պայմանավորված է քննչական մի շարք գործողություններով: Փորձագիտական եզրակացություններ ստանալու հանգամանքով էր պայմանավորված նախորդ անգամ կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը, հիմա կենսաբանական փորձաքննություններ են անցկացվել, սպասում ենք հոգեբանական եւ հոգեբուժական համալիր փորձաքննությունների արդյունքներին»:
Փաստաբանը չմասնավորեցրեց, թե ինչ կապի մեջ է եղել էքստրասենսի հետ իր պաշտպանյալը. «Ես հարցին նայում եմ որպես պաշտպան, ինձ համար միեւնույնն է՝ նրանք եղել են սիրային, թե՞ պարզ ընկերական հարաբերությունների մեջ: Ես, իհարկե, հարցրել եմ, դրա պատասխանները ստացել եմ, բայց չեմ կարող հրապարակել: Անիի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, շփվել են իրար հետ: Մուշեղը թատրոն է ղեկավարել ու դերասանների, հեռուստաեթերում երեւացող մարդկանց հետ հաճախ է շփվել, դրանով է պայմանավորում Անիի հետ շփումները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ