Ինչպես տեղեկացրել ենք, երեկ առավոտյան անհայտ անձը՝ դիմակավորված, ավազակային հարձակում էր գործել Գյումրու ծննդատան մոտ գտնվող 231/598 տնակում բնակվող միայնակ կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա:
Կինը, դուրս գալով իր բակ, մաքրել էր տնակի դիմացի ձյունը, երբ ներս էր մտել, նրա հետեւից ապօրինի ներխուժել էր դիմակավորված հանցագործը, դանակով հարվածել էր գլխին, ոտքերով ու ձեռքերով խփել էր կրծքավանդակին ու տնակից հափշտակել 65 հազար դրամ: Այս գործով կա արդեն կասկածյալ. նա 1986 թվականին ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Կ.Կ.-ն է:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ վերջինս ձերբակալված է: Կ.Կ-ն տվել է խոստովանական ցուցմունք, մատնացույց արել դեպքի վայրը և նկարագրել դեպքի հանգամանքները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ