«Մենք թեկնածու չունենք, իսկ թե ում կսատարեմ՝ կախված է նրանից, թե ինչ հայեցակարգ են ներկայացնելու թեկնածուները հանձնաժողովին»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ իրենք ում են սատարելու:
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ տեղում է որոշելու ամեն ինչ:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմությունը միանա մի թեկնածուի շուրջ, որովհետեւ այդ դեպքում ձայները 6:6 կլինեն ընդդիմության եւ ՀՀԿ թեկնածուի՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Քանի որ օմբուդսմենի հարցը քաղաքական հարթության մեջ չպետք է դիտարկել, ավելին՝ Սահմանադրությունն էլ ասում է, որ քաղաքական գործունեություն չէ, ինձ համար ավելի հետաքրքիր է տեսնել, թե ինչ հայեցակարգ են իրենք ներկայացնում: Իմ պատկերացրած մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգը, նաեւ նկատի առնելով Սահմանադրական փոփոխությունները, մի քիչ այլ է այն գործունեությունից, ինչ մինչ այժմ արվել է կամ ներկայացվում է»:
Մեր հարցին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի համագործակցությունը՝ դա չի՞ կաշկանդի Ձեզ, որ ՀՀԿ-ի թեկնածուին չսատարեք՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ, չկա կաշկանդում: Կախված է նրանից, թե ինչ հայեցակարգ կներկայացվի: Ես որեւէ սահմանափակում այդ առումով չունեմ թե՛ Զարուհի Փոստանջյանին, թե՛ Արման Թաթոյանին, որոնց երկուսին էլ ճանաչում եմ, սակայն թե ինչ հայեցակարգով են ներկայացնելու իրենց մոտեցումները, կերեւա այդ օրը եւ կորոշեմ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Արման Թաթոյանին հեղինակություն ունեցող մարդ համարո՞ւմ եք, նա հայտնի՞ է՝ որպես իրավապաշտպան, այդտեղ Սահմանադրական պահանջի խախտում չե՞ք տեսնում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ, չեմ տեսնում, որովհետեւ հեղինակությունը նախ սոցիալ-հոգեբանական մի հասկացություն է, որի ընկալումը հասարակությունից պետք է գա, եւ դա ավելի շատ նաեւ սուբյեկտիվ ընկալման խնդիր է: Քանի դեռ չկա այլ չափման միավոր, անձի հեղինակությունը նաեւ իր պահվածքով է ընկալվում, իր մոտեցումներով, մասնագիտական կարողությամբ եւ հանրության նկատմամբ իր վերաբերմունքով: Այդ տեսակետից Արման Թաթոյանի մասով ես կարծում եմ, որ միայն դրական է: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, Զարուհու գործունեությունը բոլորիս աչքի առաջ է: Բայց ես մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կուզենայի տեսնել ոչ թե փաստաբանական գործառույթն ավելի մեծ տեղ գրավող, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանության կանխարգելիչ գործառույթները: Այլ կերպ ասած՝ ոչ թե ինչքան շատ խախտում հայտնաբերեմ, այնքան լավ եմ աշխատում, այլ ինչքան շատ կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ տանեմ, կանխարգելեմ՝ այնքան լավ եմ աշխատում»:
Մենք ճշտեցինք, փաստորեն, ավելի շատ Արման Թաթոյանի կողմնակիցն եք՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չգիտեմ, գուցե Զարուհին էլ այդ կոնցեպցիան ներկայացնի, ես չեմ կարող ասել: Համենայնդեպս, քանի որ անպայման այնպես չի, որ միայն մեկին պետք է կողմ լինես, հնարավոր է այդ ձեւով աշխատել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ