Լրահոս
Օրվա լրահոսը

«Խախտվել է Արման Ավետիսյանի՝ խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը»

Փետրվար 08,2016 19:35

Վարչական դատարանում փետրվարի 8-ին դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ շարունակում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Արման Ավետիսյանի եւ նրա հակընդդեմ հայցը:

Դատական նիստի ընթացքում Արման Ավետիսյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց, որ Արսեն Ադամյանը, որը հունիսի 25-ին գտնվել է բողոքի ակցիա անցկացման վայրում եւ նույն ոստիկանական սենյակում, ցուցմունք տա առ այն, որ ոստիկանության բաժանմունքից դուրս է բերվել 5:50 րոպեին, այսինքն՝ խախտվել են անազատության մեջ պահվելու ռեժիմները: Սերգեյ Գրիգորյանը հավելեց, որ նրա նկատմամբ հայց չի ներկայացվել դատարան, եւ ըստ նրա, դա խտրական մոտեցում է. խախտվել է Արման Ավետիսյանի՝ խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը:

«Կարեւոր հանգամանք է, որ ազատազրկման համար նախատեսված ժամանակը պետք է հոսի այն պահից, երբ սահմանափակվում է: Իսկ գրանցամատյանում, հավանաբար, նշված է այն ժամանակահատվածը, երբ որ մուտք է գործել ոստիկանության բաժանմունք»,- ասաց նա:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նույն դատական նիստի ընթացքում վկայություն է տվել ոստիկան Արմեն Սեդրակյանը: Սերգեյ Գրիգորյանը ասաց, որ ամփոփիչ ճառում դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի: Նա հավելեց, որ Արմեն Սեդրակյանը Տիգրան Ղահրամանյանի գործով էլ է վկայություն տվել, եւ վկայություններում առկա տարբերությունները կողմը կներկայացնի դատարան:

Հրաչ Այվազյանը հետաքրքրվեց, թե արդյոք Արսեն Ադամյանը դիմե՞լ է դատարան, Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ Արսեն Ադամյանը համաձայն չէ գրանցամատյանի տվյալների հետ, սակայն հայց չի ներկայացրել դատարան. «Անզեն աչքով ուսումնասիրելով փաստաթուղթը չես կարող արժանահավատորեն մոտենալ: Նման ճշգրտությամբ չէին կարող ժամերը պահպանված լինել: Մեր վստահորդի ներկայությամբ է կազմվել, այսինքն՝ հնարավոր է կազմված լինել վարույթից հետո եւ հիմք չի եղել վարույթի կազմելու համար»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին

Հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Արման Ավետիսյանին 50 հազար դրամի չափով ենթարկել պատասխանատվության: Արման Ավետիսյանը դիմել է հակընդդեմ հայցով՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները եւ պատասխանողից հօգուտ հակընդդեմ հայցվորի դատական ծախսերը, այդ թվում փաստաբանի խելամիտ վարձատրությունը բռնագանձել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29