Այսօր Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու դաշինքի աշխատակազմի ղեկավար Ռիչարդ Միլսոմը ԲՀԿ գրասենյակում հանդիպել են կուսակցության ղեկավար կազմի հետ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Եվրոպայի ամենաազդեցիկ դաշինքներից մեկի՝ Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի անդամ է, եւ դաշինքի ղեկավարկազմը տարածաշրջանային իր այցը սկսել է Հայաստանից։ Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու ԲՀԿ ղեկավար կազմի ներկացուցիչները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու այն հարցերը, որոնք առավել ճկուն եւ դինամիկ կդարձնեն Հայաստանի եվրոպական օրակարգը։ Կողմերը քննարկել են նաեւ Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի օրակարգում առկա խնդիրներր, ինչպես նաեւ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրականացվելիք համատեղ մի շարք ծրագրեր։
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հիմնահարցերը, սահմանադրական փոփոխություններից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու կուսակցության անելիքները մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Միքայել Մելքումյանը ներկայացրել է երկրի տնտեսական օրակարգի խնդիրներն ու Հայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարը։
Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային հիմնախնդիրների մեծ շարք։
ԲՀԿ մամուլի ծառայություն