Վարչական դատարանում փետրվարի 8-ին դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ շարունակում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Արման Ավետիսյանի եւ նրա հակընդդեմ հայցը:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա ոստիկան Արմեն Սեդրակյանը: Նա նշեց, որ Արման Ավետիսյանին չի ճանաչում եւ տեղյակ չէ, թե ինչ գործով է հրավիրված դատարան: Նա չկարողացավ մանրամասներ ներկայացնել՝ պնդելով, թե չի հիշում, երբ դատավորը հիշեցրեց հունիսի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին է խոսքը, նա հիշեց, որ բողոքի ակցիան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ էր:
Արման Ավետիսյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ այդ գործով Արմեն Սեդրակյանը դատարանում առաջին անգամ ցուցմունք չի տալիս, դատարանը նախազգուշացրեց, որ սուտ ցուցմունք տալու մասին ստորագրություն է տվել: Սերգեյ Գրիգորյանը ասաց. «Չեմ հիշելով պատասխանատվությունից խուսափելը կրկին պատասխանատվություն է, ստուգելու տարբերակ կա»:
Վկան հիշեց, որ ցուցարարները ճանապարհն էին փակել, վկան շարունակում էր պնդել, որ չի հիշում, մանրամասները. «Սկզբից Ֆրիկի վրա էինք եղել, կանգնած էինք մայթերի կողմը: Սկզբից, որ ժողովուրդը փակեց ճանապարհը, այդտեղ մենք բացեցինք, հետո իջան Սարյանը փակեցին»:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պահպանել խաղաղ հավաքի անցկացման իրավունքը, վկան պատասխանեց. «Մենք կանգնել ենք այնտեղ, որ ժողովուրդը խաղաղ ակցիա անի, երբ դուրս եկան, մենք ճանապարհը ազատեցին: Ժողովուրդը փակել էր, մենք էլ բացեցինք ճանապարհը, մինչեւ էդ չէինք փակել»:
Մյուս հարցին, թե բողոքի ակցիա իրականացման իրավունքը ապահովե՞լ եք, նա պատասխանեց, թե իրեն այդ իրավունքը ոչ մի բան չի ասում, եւ իր՝ այդտեղ գտնվելը, միայն հասարակական կարգը պահպանելու նպատակ է հետապնդել:
Հարցին, թե արդյոք խաղաղ հավաքների անցկացման իրավունքը կարո՞ղ էր խոչընդոտվել, նա պատասխանեց՝ չգիտեմ:
Սերգեյ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք փորձել է երթեւեկության ապահովումը կարգավորելու նպատակով երթեւեկությունը այլ ուղղությամբ իրականացնել, նա պատասխանեց, որ հնարավոր չէր, խցանում էր գոյացել, ուրիշ ճանապարհ չկար,. «Հրամայված էր ճանապարհը բացել, սովորական ձեւով ինչպե՞ս: Ժողովրդին ասել, որ ճանապարհը բացեք: Ժողովրդին ճանապարհից մի կողմ քաշեն, ասեք, որ ճանապարհից դուրս գան»:
Նա նշեց, որ պարեկայինի վարորդ է, սակայն այդ օրը ուրիշի մեքենայով է ուղեկցել, Արմեն Սեդրակյանը ընդգծեց, որ չի տեսել բերման ենթարկելու գործընթացը, եւ շատ հավանական է, որ տեսնի Արման Ավետիսյանին եւ չճանաչի: Նա ընդգծեց, որ ինքն այդ օրը այլ գործառույթ է իրականացրել՝ հրամանատարի հրամանով, սակայն, նա կրկին դժվարացավ հիշել, թե ով էր այդ հրամանատարը: Արմեն Սեդրակյանը դժվարացավ հիշել նաեւ, թե արդյոք ինքն է զեկուցագիր գրե՞լ, թե՞ ոչ:
Հարցին, թե արդյոք բացատրել է բերման ենթարկվողի իրավունքները, նա պատասխանեց, որ չի բացատրել եւ մեքենայի մեջ ոչ մի բառ չեն խոսել: Մեկ այլ հարցին, թե ինչո՞ւ վարչական վարույթ տեղում չի կազմե՞լ, նա պատասխանեց, որ չի կարող ասել:
Սերգեյ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչ դեպքում պետք է տեղում կազմել վարչական վարույթ վկա սկզբում լռում էր, այնուհետեւ հայտարարեց, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցին, եւ հավելեց, որ Արման Ավետիսյանի դեպքում, ինքը որոշողը չէր: Նա պատասխանելով մյուս հարցին, ասաց, որ լիազորություն չունի տեղում վարչական վարույթ իրականացնելու, իսկ երբ Սերգեյ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ իր իրավունքները եւ լիազորությունները թերի իմանա, նա պատասխանեց, որ հնարավոր է, սակայն նա բացառեց, որ դրա արդյունքում կարող է ոտնահարի քաղաքացու իրավունքները. «Ինձ ասել են՝ նստեմ ուղեկցեմ բաժին, էդքան բան»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Արման Ավետիսյանին 50 հազար դրամի չափով ենթարկել պատասխանատվության: Արման Ավետիսյանը դիմել է հակընդդեմ հայցով՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները եւ պատասխանողից հօգուտ հակընդդեմ հայցվորի դատական ծախսերը, այդ թվում փաստաբանի խելամիտ վարձատրությունը բռնագանձել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ