Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդեցին ոստիկանին բերման ենթարկել վարչական դատարան

Փետրվար 08,2016 19:03

Վարչական դատարանում փետրվարի 8-ին դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ շարունակում էր քննվել ոստիկանության հայցն ընդդեմ Արման Ավետիսյանի եւ նրա հակընդդեմ հայցը:

Ոստիկանության ներկայացուցիչը դատական նիստին չէր ներկայացել, եւ Արման Ավետիսյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ հնարավոր է այդ պայմաններում դատական նիստը շարունակել:

Դատարան էր ներկայացել գործով երկու վկաներից մեկը՝ Արմեն Սեդրակյանը, Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր, որ վկա ոստիկանության աշխատակից Սպարտակ Ղազարյանը մասնակցեր դատական նիստին: Նա նշեց, որ կողմը միջնորդել էր, որ դատարանը բերման ենթարկի, սակայն Հրաչ Այվազյանն ասաց, որ նման որոշում չի կայացել:

Սերգեյ Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը նրան բերման ենթարկի դատական նիստերի դահլիճ:

Դատավոր Այվազյանը հայտարարեց, որ դատարանը իր դիրքորոշումը կարտահայտի համապատասխան որոշմամբ: Սերգեյ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դատարանը հետաձգում միջնորդության քննությունը, Հրաչ Այվազյանը պատասխանեց, որ չի հետաձգում եւ իր դիրքորոշումը կհայտնի. «Դատարանը կանդրադառնա վկայի չներկայանալուն եւ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Դատարանն էլ է գտնում, որ չներկայանալը խոչընդոտում է գործի քննությանը, եւ համապատասխան դիրքորոշում կներկայացնի»:

Սերգեյ Գրիգորյանը միջնորդեց նաեւ, որպեսզի որպես ապացույց ներգրավվի Արման Ավետիսյանի առնչությամբ ոստիկանության գրանցամատյանում մուտքի եւ ելքի պատճենը: Դատավորը նշեց, որ գործի նյութերում առկա է, Սերգեյ Գրիգորյանը նշեց, որ կողմին չեն տրամադրել եւ ցանկություն հայտնեց ծանոթանալ փաստաթղթի հետ, եւ հրաժարվեց ներկայացրած միջնորդությունից:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Արման Ավետիսյանին 50 հազար դրամի չափով ենթարկել պատասխանատվության: Արման Ավետիսյանը դիմել է հակընդդեմ հայցով՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները եւ պատասխանողից հօգուտ հակընդդեմ հայցվորի դատական ծախսերը, այդ թվում փաստաբանի խելամիտ վարձատրությունը բռնագանձել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29