Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետ-փորձագետները կարևորեցին համացանցում երեխաների անվտանգության ապահովումը և հայատառ ինտերնետի ընդլայնումը

Փետրվար 08,2016 18:04

«Նոյյան տապան» լրատվական գործակալությունը փետրվարի 8-ին անցկացրեց ասուլիս՝ փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու և փետրվարի 8-ը ողջ աշխարհում անվտանգ համացանցի օր հայտարարելու կապակցությամբ: Բանախոսեցին Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, «ԻՍՄԱ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մանուկյանը և «Ինտերնետ հասարակություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Համացանցային անվտանգության մասին խոսելիս Սաղյանը կարևորեց համացանցում երեխաների՝ մինչև 16 տարեկանների անվտանգության ապահովման հարցը՝ որպես օգտատերերի առավել խոցելի շերտ: Նա նշեց, որ Հայաստանում գործում է safe.am կազմակերպությունը, որը զբաղվում է դպրոցներում ինտերնետ-անվտանգության մասին իրազեկմամբ: ՀԿ փոխնախագահի խոսքով՝ կազմակերպությունը մշակել է «Երեխաների առցանց պաշտպանության» հայեցակարգի նախագիծը, որը վերջնական տեսքի կբերվի նոր ստեղծված ինտերնետ-կառավարման հանձնաժողովի և 2017-ին Հայաստան ժամանել պատրաստվող փորձագետների ջանքերով:

Էդուարդ Մանուկյանը, խոսելով համացանցում հայատառ գրության մասին, կարևորեց նաև հայահնչյուն համացանցի ընդլայնումը և առցանց բառարանների ստեղծումն ու հարստացումը: Որպես օրինակ նա ներկայացրեց nairi.com առցանց բառարանը, որտեղ թարգմանված բառերը լսելու հնարավորություն կա:

«Սփյուռքում հայերենը նոր ուսումնասիրող մարդը կարիք ունի ոչ միայն տառերը կարդալու, այլև բառը լսելու ու հնչողությունը հասկանալու», ընդգծեց պրոֆեսորը:
Ասուլիսի ժամանակ խոսվեց նաև հայատառ դոմեյնի մասին, որի առավելությունը հասցեների անվանումների կրկնությունից խուսափումն է: «Մինչև մարտի 1-ը հասցե ստանալու համար հայտերը կարող են ուղարկվել sunrise.itc.am հասցեին: Մինչ այդ կանցկացվեն բանակցություններ՝ նույն հասցեի համար դիմած անձանց կամ կազմակերպությունների միջև, ամենայն հավանականությամբ կանցկացվի աճուրդ: Նշված ժամկետից հետո գրանցումը կլինի ազատ», նշեց Գրիգոր Սաղյանը:
Հայատառ դոմեյնում հասցե ստանալու համար, ըստ ոչ պաշտոնական տվյալների, գրանցվել է մոտ 100 կազմակերպություն: Ամփոփ վիճակագրությունը կներկայացվի փետրվարի վերջին:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29