Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՏՄՊՊՀ պատասխանը «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին

Փետրվար 08,2016 17:40

Առավել հարգի կլիներ հայտարարություն անելուց առաջ թեմայի վերաբերյալ լինել տեղեկացված և խոսել հիմնավոր՝ փաստերով.
Ի պատասխան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հոդվածի, նշենք հետևյալը.

Նախ տեղեկացնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահը փետրվարի 4-ի ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ոչ թե հաշվետվություն, ինչպես նշում է տիկին Բախշյանը, այլ բենզինի շուկայի ընթացիկ ուսումնասիրության արդյունքները: Կարծում ենք պարզ է, որ դրանք միմյանցից էականորեն տարբեր հասկացություններ են: Հետևապես, մեղմ ասած տեղին չէ վերոնշյալ ուսումնասիրության վերաբերյալ տեղեկատվությունը փնտրել ՀՀ ՏՄՊՊՀ կայք-էջի «Տարեկան հաշվետվություններ» ենթաբաժնում, ինչն արել է տիկին Բախշյանը:
Բենզինի շուկայի վերաբերյալ ներկայացված ուսումնասիրության հրապարակայնությունը կասկածի տակ առնելն առավել քան տարօրինակ և անհեթեթ է, այն պարզ պատճառով, որ ամբողջ տեղեկատվությունը տեղադրված է ինչպես Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում, ֆեյսբուքյան էջում, այնպես էլ գրեթե բոլոր էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներում: Բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը այն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ Կառավարության հերթական նիստում (04.02.16): Հետևապես, տիկին Բախշյանը կամ այնքան էլ լավ չի պատկերացնում «թափանցիկ» կամ «հրապարակային» բառերի իմաստը, կամ հետապնդում է այլ՝ միայն իրեն հայտնի նպատակներ, այլապես չէր շտապի հանդես գալու նման ակնհայտորեն չստուգված և անտեղի որակումներ պարունակող հայտարարություններով:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի թափանցիկ և հրապարակային աշխատանքին, ապա պաշտոնապես տեղեկացնում ենք, որ առ այսօր չի եղել գոնե մեկ դեպք, երբ որևէ քաղաքացի պաշտոնական տեղեկատվություն ստանալու հարցումով դիմի ՀՀ ՏՄՊՊՀ և սեղմ ժամկետներում չստանա լիարժեք և ամբողջական տեղեկատվություն՝ իր հարցման վերաբերյալ: Տիկին Բախշյանը ևս իր ժամանակը անտեղի վատնելու և փաստերից զուրկ հոդված գրելու փոխարեն կարող էր ընդամենը զանգահարել կամ էլեկտրոնային նամակով Հանձնաժողովին խնդրել՝ ուղղորդելու գտնել իրեն այդքան հետաքրքրող տեղեկատվությունը, ինչը չի արվել:

Կարծում ենք , որ «Բարև Երևան» խմբակցության անդամը պետք է որ ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորի իր գործունեության հանդեպ և խուսափի փոշիացումների կամ յուրացումների մասին անհարկի, այլ կերպ ասած՝ օդում գնահատականներ հնչեցնելուց: Առավել հասկանալի և հարգի կլինեին տեղին և փաստերով գնահատականները, ինչից տիկին Բախշյանը խուսափել է: Տպավորություն է, որ տիկին Բախշյանը իր հերթական հոդվածի միջոցով փորձել է բարձրացնել սեփական վարկանիշը՝ իբրև թե «աղմկոտ բացահայտում» անելով:

Անդրադառնանք Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջի որոշ ենթաբաժինների վերաբերյալ տիկին Բախշյանի դիտարկումներից մի քանիսին: Օրինակ, նա նշում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ կայք-էջում չի թարմացվում «կայքի կանոնակարգ» բաժինը: Ուզում ենք տեղեկացնել, որ կայքի կանոնակարգը իրավական ակտ չէ, այն զուտ ուղեցույց է, որը նախատեսված է կայքից օգտվող այցելուներին ուղղորդելու համար: Հետևաբար, անհեթեթություն է ակնկալել, որ այն պետք է մշտապես թարմացվի այն դեպքում, երբ կայքից օգտվելու կանոնները չեն փոխվել: Ի դեպ, այդ կանոնակարգից օգտվելու դեպքում տիկին Բախշյանը կկարողանար իրեն հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը փնտրել և գտնել ճիշտ ենթաբաժիններում:

Տիկին Բախշյանի մեկ այլ դիտարկումը ոչ այլ ինչ է, քան թերի տեղեկացվածության արդյունք: Խոսքը վերաբերում է նրան, որ իբրև թե Հանձնաժողովի կայք-էջում «Հակակոռուպցիոն միջոցառումների» վերաբերյալ առկա չէ բավարար տեղեկատվություն: «Բարև Երևան» Խմբակցության անդամը պարտավոր էր իմանալ, որ Հանձնաժողովը ընդգրկված չէ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման գործընթացում: ՀՀ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշմամբ հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությունում և դրա իրականացման 2015-2018 թթ միջոցառումների ծրագրում Հանձնաժողովի գործառույթների մասով որևէ միջոցառում նախատեսված չէ, հետևապես կայքում նման տեղեկատվություն պարզապես չէր կարող տեղադրվել:

Հարկ չենք համարում անդրադառնալ կայքի ենթաբաժինների վերաբերյալ մյուս մեկնաբանություններին մեկ առ մեկ, քանի որ դրանք ևս շարադրված են նույն տրամաբանությամբ:

Ի տարբերություն տիկին Բախշյանի, Հանձնաժողովը զերծ կմնա նրա հոդվածի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, սակայն առավել տեղին և հարգի կլիներ որևէ հայտարարություն անելուց առաջ թեմայի վերաբերյալ լինել տեղեկացված և խոսել ոչ թե սիրողական մակարդակով, այլ հիմնավոր՝ փաստերով:
ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մկո says:

    Պատասխանել եք, որ ինչ ասեք? Տիկին Բախշյանը թվերով, փաստերով ու ժամանակներով է խոսում, հստակ ցույց տալով որ իր տված գնահատականը ճիշտ է: Իսկ դուք պատասխանում եք, թե ,,ոչ, մենք լավն ենք,,: Էհ, լավ եղեք, եթե իրոք այդպես եք կարծում: Բայց ում, կամ ինչի համար եք պետք, դա է դժվար հասկացվում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29