Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու 3 տարի աշխատել ես դատախազի փաստաբան՝ համապատասխան թեկնածու չես». Փոստանջյանը՝ Թաթոյանին

Փետրվար 08,2016 16:58

Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածուի՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի հետ կապված բազմաթիվ քննադատություններ են հնչում, որ նա չի բավարարում սահմանադրական պահանջը, որ հանրության կողմից հայտնի չէ, հեղինակություն չէ, բացի այդ, կառավարության կազմից է, չի կարող անկաշկանդ գործել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Հանրությունը պետք է Արման Թաթոյանին ճանաչեր: Մենք ապրում ենք ավտորիտար ռեժիմի ներքո, դրա մասին վկայում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից բոլոր զեկույցները: Ունենք քաղաքական հայացքների համար հետապնդվող քաղաքացիներ, ովքեր Արեւմուտքի երկրներ են գնում եւ այդ հիմքով կարգավիճակ ստանում: Մենք ունենք բազմաթիվ, բազմահազար մարդու իրավունքների խախտումներ, որոնք պետք է հանրային դեմքերի կողմից լսելի լինեին, դատապարտվեին: Այս տրամաբանության ներքո հանրությունն, իհարկե, չի ճանաչում Արման Թաթոյանին: Բազմաթիվ իրադարձություններ են եղել մարդու իրավունքների խախտումների հետ կապված, եւ դրա վերաբերյալ պետք է դու ունենաս քո ուրույն հանրային դիրքորոշումը, եթե դու այդ ոլորտի հանրային գործիչ ես: Իսկ փորձագետ լինելը դեռ բավարար չէ»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները Արման Թաթոյանի բարձր որակավորումը, կրթությունն են մատնանշում՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Եթե կրթությունն էին ուզում, ապա Արթուր Սաքունցն իր կրթությամբ, գիտելիքներով, լինելով նաեւ գիտությունների թեկնածու, բացարձակ առավել է: Եթե միայն կրթական ցենզի մասին են խոսում, չեմ կարծում, որ միայն կրթական ցենզն է: Այդ մասով շատ քիչ է պահանջը: Պահանջն այն է, որ պետք է հանրային դիրքորոշում ունենա: Եթե խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանությունից, հետխորհրդային երկրներում դրանք մարդիկ են, որոնք իրապես նվիրյալներ են եղել, ոչ թե պարտադիր իրավաբաններ: Ցանկալի է, որ լինի իրավաբան էլ, բայց պետք է դրա հետ մեկտեղ ամենակարեւորը լինի նվիրյալ»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, օմբուդսմենի թեկնածուն պետք է միշտ հանրության կողքին եղած լիներ, իսկ ՀՀԿ-ի թեկնածուին այդ առումով մարդիկ չեն ճանաչում, իր ձայնը չեն լսել. «Այս 3 տարիների ընթացքում ինքը եղել է իշխանության, ըստ էության, փաստաբանը՝ ներկայացնելով իշխանությանը՝ Եվրոպական դատարանում: Հետեւաբար, նա մեր գործերն է այնտեղ խափանել: Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքները ինքը փորձել է չեզոքացնել, հանդես է եկել ոտնահարողի փաստաբան որպես: Եվ հիմա այս մարդը տեղափոխվում է այս ոլորտ, որտեղ իրեն չեն ճանաչում: Եթե իրապես անկեղծ էին, թող առաջարկեին հանրային ընկալում ունեցող մի անձի, որը ուներ եւ գիտելիքներ, եւ փորձ, եւ հանրային ընկալում: Ես կարող եմ բազմաթիվ մարդկանց մատնանշել»:

Մենք փոխանցեցինք ՀՀԿ պատգամավորների կարծիքը, որ մինչ Թաթոյանին առաջադրելը բազմաթիվ այլ թեկնածուների անուններ էին շրջանառվում, իսկ Արման Թաթոյանի տարբերակը լավագույնն է, որովհետեւ նա տարբերվում է իր պարկեշտությամբ, համեստությամբ: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Եթե դու 3 տարի աշխատել ես դատախազի փաստաբանը՝ ես չեմ կարծում, որ դո այս ոլորտում իրապես համապատասխան թեկնածու ես: Ինքը աշխատել է ըստ էության, որպես դատախազի փաստաբան: Բոլոր ապօրինությունների համար նա հանդես է եկել որպես փաստաբան: Ակնհայտ է այս ամենը»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ից ասում են, որ եթե ընդդիմությունը միասնական լինի, մեկ թեկնածուի շուրջ համախմբվեն, այդ դեպքում հանձնաժողովի անդամների ձայները 6:6 կլինի, Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն, ընդդիմադիր դաշտում կա՞ն այդպիսի տրամադրություններ, որ Ձեր շուրջ համախմբվեն՝ նա պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա տրամադրություններն ինչպիսին են: Իհարկե, ողջամտությունը դա է հուշում: Արդեն մնացածը պարզ կլինի, որովհետեւ ես, ըստ էության, մրցում եմ ՀՀԿ թեկնածուի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արման Թաթոյանի որպէս օմբուդսմեն նշանակումին վերաբերեալ վերեւ ներկայացուած առարկութիւնները ամբողջովին անհիմն չեն: Այս նիւթին մէջ, վարպետութեան պակաս կայ իշխանութեան կողմէ (հաւանաբար պատճառը այն է թէ իշխանութիւնը խուճապի մէջ է, չէ՞… lol)

    Սակայն գոնէ նոյնքան պարզ է թէ Տիկին Փոստանջյանն ալ իրաւասու չէ այդ պաշտօնին, հակառակ տրամաբանութեամբ, որովհետեւ ան տարիներէ ի վեր կառավարութեան դէմ է, անվերապահօրէն եւ բացարձակապէս, եւ անհնար է երեւակայելը որ ան կրնայ չեզոք, անկողմնակալ եւ անաչառ ըլլալ, սոյն պաշտօնի վրայ: Նուրբ ասած՝ իր մօտ մնայուն եւ չափազանց շեղտակի է կառավարութեան դէմ կանխավարկած մը:

    Ի դէպ, բան մը կայ որ չեմ հասկանում՝ Տիկինը Փոստանջյանը անվերջ յայտարարում է որ իշխանութիւնը ապօրինի է: Ուրեմն ինչպէ՞ս է ան ընդունում որ թեկնածու դառնայ այս պաշտօնին, որուն կրնայ տիրանալ միայն պետութեան գործադիր հեղինակութեան որոշումով… Ուրեմն, կամ իր այդ պաշտօնն ալ լինելու է ապօրինի, կամ ալ, միայն այս թեկնածութեամբ արդէն, ան ընդունում է իշխանութեան օրինականութիւնը…

    Ամէն պարագայի, ներկայ դրութեամբ, Հայաստանում օմբուդսմենի պաշտօնը խեղկատակութիւն մը է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29