Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից հեռացված ակտիվիստը Պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող էր

Փետրվար 08,2016 16:55

Հունվարի 21-ին տեղեկացրել էինք, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սեպտեմբերի 12-ի ցույցին մասնակցած Տիգրան Մազմանյանին աշխատանքից հեռացրել են: Այն ժամանակ Տիգրանը չցանկացավ հրապարակել իր աշխատանքի վայրի անունը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Մազմանյանը նշեց, որ աշխատում էր Պաշտպանության նախարարության N զորամասում որպես պայմանագրային զինծառայող. «Ամեն ինչ սկսվեց, երբ պետք է 2015 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունենար խաղաղ հավաք եւ երթ, իսկ երթի իրազեկումը ներկայացրել էի ես քանի որ ընկերս՝ Շահեն Հարությունյանը, անչափահաս է»:

Երթի Տիգրան Մազմանյանին իր մոտ է կանչել վերադաս հրամանատարը եւ զգուշացրել, որ իրենով հետաքրքրված են բարձրաստիճան անձինք ու առաջարկում են երկու տարբերակ, «կամ մնալ և շարունակել ծառայությունը, կամ հեռացվել աշխատանքից եւ զբաղվել իր ընտրած պայքարով: Որոշելու համար ունենալով 10 րոպե ժամանակ եւ հաշվի առնելով ներկայիս քաղաքական վիճակը մտածեցի, որ ես իմ պետությանը ավելի օգտակար կլինեմ իմ ծառայությամբ»:

Ակտիվիստին նաեւ զգուշացրել են, որ եթե այդ օրը ներկա գտնվի հավաքին, ապա կարող է նաև ձերբակալվել: «Այդ իսկ պատճառով ինձ «տարան» քաղաքից դուրս, որը բնականաբար իմ կամքին հակառակ չէր: Դեպքից անցնում է մոտ 2 ամիս: Մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո, արձակուրդիս ընթացքում զանգահարում են եւ կանչում զորամաս, որտեղ էլ ինձ են ներկայացնում իմ Ֆեյսբուքյան էջի գրառումներն ու լուսանկարները: Ինձ ասում են, որ ես հեղափոխության և հակապետական կոչեր եմ անում համացանցում»:

Անդրադարձ է եղել նաեւ ընկերների, մասնավորապես՝ Շահեն Հարությունյանի հետ ունեցած լուսանկարներին. «Ասացին, թե Շանթի տղեն ա, հետը մոտիկ ես, խի ՞ ես դնում ես նկարը, ընչի ՞ ես էտի անում, հերոսություն՞ ես համարում: Խորհուրդ տվեցին զեկուցագիր գրել և ինքնակամ ազատվել աշխատանքից, որպեսզի չհեռացնեն»:

Տիգրանը գրել է զեկուցագիր, որը հաստատվել է ընդամենը 15 օրում. «Ընդհանրապես 30 օրում է լինում: Ուստի չեմ բացառում, որ իմ հեռացման հրամանը եկել էր ավելի վաղ, քան ես ներկայացրել եմ զեկուցագիրը: Ցանկանում եմ նշել, որ իմ հրամանատարությունը դժգոհ չէր իմ ծառայությունից եւ ցավում էին կատարվածի համար, բայց ինչպես ասում են կա հրաման, ուրեմն պետք է կատարվի»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29