Այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պաշտոնապես առաջադրվեց՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Փաստաթղթերը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հանձնելիս, Զարուհի Փոստանջյանը հրավիրեց ՀՀԿ-ի թեկնածուին՝ արդարադատության փոխնախարար Արման Աթոյանին հեռուստատեսային բանավեճի:
Ըստ նրա, ընտրություններից առաջ պետք է թեկնածուները հանրությանը ներկայանան, իսկ դա մեր մշակույթից բացակայում է:
Թե որքան է գնահատում իր ընտրվելու շանսերը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես, ըստ էության, մրցում եմ ՀՀԿ թեկնածուի հետ: Ակնհայտ է, որ ընդդիմությունը մրցում է ՀՀԿ-ի հետ: Ես նաեւ առաջադրվել եմ՝ այդ սկզբունքից ելնելով, որպեսզի հանրությունը մշտապես իմանա, որ ինքն ունի այլընտրանք, որ այլընտրանքը չի խուսափում ոչ մի հանգամանքից, պատրաստ է ծառայել: Այդ սկզբունքից ելնելով՝ տեղի է ունեցել իմ առաջադրումը»:
Հովհաննես Սահակյանն իր աշխատասենյակում գովում էր Զարուհի Փոստանջյանին: Լրագրողների դիտարկմանը, որ ԱԺ նիստերի դահլիճում բա ինչո՞ւ եք խոսափողն անջատում, փորձում լռեցնել, վիրավորում եք՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանի մտքերի, քաղաքական հայացքների հետ ես կարող եմ համաձայն չլինել եւ հակադարձեմ: Նրան երբեք չեմ վիրավորել: Իրենից շատ մեզ քննադատող ու վիրավորող, եթե այդ տեսակետից նայենք՝ չկա»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ կուզենայի՞ք ունենալ Զարուհի Փոստանջյանի պես օմբուդսմեն՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Որ ուզենայինք՝ կունենայինք: Մենք ունենք մեր թեկնածուն: Հարգելով տիկին Փոստաջյանի բոլոր առավելություններն ու արժանիքները՝ մենք այլ թեկնածու ունենք, որովհետեւ այդ պաշտոնի հետ կապված մենք այլ պատկերացումներ եւ այլ մոտեցումներ ունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ