«Ընդհանրապես աշխատանքային հարաբերություններում, եթե աշխատանքային պայմանագրում չկա տվյալ աշխատողի գործունեության որեւէ սահմանափակում, ապա այդպիսի արարքի համար գործից ազատելն անօրինական է։ Օրինական կարող է լինել աշխատանքի ազատումը միայն պայմանագրում նշված պարտականությունների խախտման դեպքում»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը վարույթ էր ընդունել Past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը։ Լրագրողը ներկայացրել էր իր նկարահանած տեսանյութերը, որոնցում երեւում է, թե ինչպես են մի շարք պատգամավորներ քվեարկում իրենց գործընկերների փոխարեն։ Լիլիթն աշխատում էր նաեւ Henaran.am կայքում, սակայն հունվարի 21-ին նա հեռացվել է աշխատանքից։
«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Լիլիթ Լալայանը նշել էր. «Եթե պատահականություն է գործը վարույթ ընդունելուց հետո անմիջապես հաջորդ օրն ինձ հեռացնելը, եթե ոմանք կարող են դա պատահականություն համարել, թող համարեն։ Միայն նշեմ, որ ինձ մինչ այդ երբեւէ իմ աշխատանքի վերաբերյալ որեւէ դիտողություն չի արվել, որեւէ թերացման մատնանշում չի եղել»։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը համոզված է, որ եթե աշխատանքային պայմանագրում նշված լիներ, թե լրագրողը չի կարող գնալ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով, կամ նման այլ մարմին, «ապա դա իրավաբանորեն արդարացված քայլ կլիներ «Henaran»-ի կողմից։ Բայց եթե այդպիսի դրույթ չկա, բնականաբար, դա անօրինական գործողություն է գործատուի կողմից: Հասկանալի է, որ իմ ասածը այն դեպքում է տեղին, եթե Լիլիթ Լալայանի ենթադրությունները հեռացման պատճառների մասին համապատասխանում են իրականությանը»։
Կարդացեք նաև
Ըստ պարոն Նավասարդյանի՝ տվյալ դեպքում լրագրողն ուներ որոշակի փաստեր եւ Էթիկայի հանձնաժողով դիմելը պետք է դիտվի անհատ քաղաքացու քայլ եւ ոչ թե գործողություն աշխատանքային պարտականություններ կատարելու շրջանակներում, ընթացքում: Եթե Լիլիթ Լալայանը հանձնաժողով դիմել է իր, ուղղակի որպես քաղաքացու անունից, որն ուզում է լրացուցիչ ուշադրություն գրավել տեղի ունեցած խախտումների վրա, ապա գործատուն ընդհանրապես իր դիմումի հետ որեւէ առնչություն չունի ու չպետք է միջամտի։ «Դա քաղաքացու իրավունքն է։ Կարծում եմ աշխատանքային հարաբերություններում դա պետք է որեւէ դերակատարություն չունենար։ Եվ ընդհանրապես, դա պետք չէ դիտել որպես լրագրողի գործողություն, դա ցանկացած քաղաքացու իրավունքն է»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ