Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի աշխատակիցները կդիմեն միջազգային ատյաններին

Փետրվար 08,2016 16:30

«Մի քանի կամակատարների ձեռքով կատարվեց մեզ աշխատանքից հեռացնելու հարցը: Որոշ մարդիկ նույնիսկ պարգեւատրվեցին դրա համար, իսկ դատական համակարգը շատ թույլ եւ անգրագետ որոշումներ կայացնելով մեր 3 ընտանիքներին շատ ծանր վիճակի մեջ գցեց»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի նախկին աշխատակից Գագիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ Մետրոպոլիտենի աշխատակիցներ Սեւակ Հովհաննիսյանը, Գագիկ Գալստյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը գործատուին դիմում էին ներկայացրել, որ ցանկանում են հրաժարվել կուտակային համակարգին մասնակցելուց, մասնակցել էին բարեփոխումների դեմ ցույցի, ինչից հետո աշխատանքից հեռացվել էին:

Անցած տարվա հոկտեմբերի 15-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Մետրոպոլիտենը պարտավորվում էր աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցել նախկին աշխատակիցներին նրանց աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վերաքննիչ բողոքով աշխատակիցները պահանջում էին իրենց վերականգնել աշխատանքի, իսկ Մետրոպոլիտենը բողոքարկել էր վճիռն այն հիմքով, որ դատարանը պատշաճ քննության առարկա չի դարձրել իրենց կողմից ներկայացված ապացույցները՝ աշխատողների կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ: Աշխատակիցները բողոքը մերժվել էր, իսկ Մետրոպոլիտենինը՝ մասնակիորեն բավարարվել էր:

Վճռաբեկ դատարանն էլ անցած ամիս մերժել է Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների բողոքը: Նախկին աշխատակից Անդրանիկ Գեւորգյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ եթե իրենք թույլ էին տվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին բերել անդառնալի հետեւանքների, թող գոնե Մետրոպոլիտենը վերացներ այդ թերությունները. «Իսկ իրենք այդպիսի բաներ չենք արել: Հետո, եթե մենք թերանայինք մեր աշխատանքում, մեր վարպետն այդ մասին կզեկուցեր»:

Սեւակ Հովհաննիսյանն էլ կարծում է, որ իրենք դատական ամբողջ գործընթացի ընթացքում դատավորներին ապացուցել են, որ իրենք ճիշտ են: «Ինչ վերաբերվում է այլ անձանց ներս թողնելուն, եթե իրենք տեսել են դա, ինչո՞ւ հենց այդ պահին չհարցրեցին, թե ինչի համար են եկել կամ մեզանից ինչո՞ւ բացատրություն չպահանջեցին: Ես նույն հաջողությամբ առանց ապացույց կարող եմ ասել, որ իրենք իմ գրպանից գումար են գողացել»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Քրիստինա Գեւորգյանը հայտարարեց, որ Սեւակ Հովհաննիսյանի հարցադրումը դատարանում մի քանի անգամ բարձրացվել է, սակայն պատասխանողները չեն հիմնավորել, թե երբ են տեսել կողմնակի անձանց, երբ են արձանագրել կամ ում անուն-ազգանուններն են արձանագրել: «Վերաքննիչ դատարանը դա իր որոշման հիմքում դնելով, գտել է, որ աշխատանքից արձակման հրամաններն օրինական են եղել»:

Մետրոպոլիտենի աշխատակիցները պատրաստվում են դիմել միջազգային ատյաններին:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29