Փետրվարի 8-ից սկսվում է Մեծ պահքի շրջանը: Պահեցողներն այս ընթացքում պետք է օգտագործեն բացառապես բուսական ծագման սննդամթերք, նաեւ հրաժարվեն մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: «Ադամը դեռեւս մեղք չգործած՝ Տիրոջից պահքի հրաման ստացավ՝ չճաշակել արգելված պտուղը: Դա առաջին պահքն էր, որը դրժելու հետեւանքով Ադամն արտաքսվեց»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով պահեցողության խորհրդի մասին, ասաց Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: «Պահքի միջոցով տիրոջն աղերսում ենք ներել մեղքերը, որպեսզի հետագայում չկրկնենք դրանք եւ ազատվենք նաեւ վատ սովորույթներից: Հոգին առավել է, քան մարմինը, ուստի բավականաչափ պետք է տեղ հատկացնել հոգու մաքրությանն ու կատարելագործմանը: Պետք է միշտ հիշել, որ կենդանական ծագման կերակրատեսակներից հրաժարվելուց բացի, պահքը հոգեւոր խորհուրդ ունի: Ամեն օր պետք է ընթերցել զղջողական աղոթքներ: Պահքը հոգու սնունդ է, որից հրաժարվելը մեզ տանում է հոգեւոր մահվան»,-նշեց Տեր Զգոնը:
Նրա բնորոշմամբ՝ քրիստոնյան պետք է ոչ թե նեղսրտելով, այլ ուրախությամբ Պահք պահի. «Դա Աստծո պարգեւն է մեր հոգու համար: Օրինակ՝ այն հրեշտակները, որոնք մեղք գործեցին Աստծո առաջ, ունակ չեն ներում հայցելու Տիրոջից եւ փոխվելու»: Քահանան նաեւ տեղեկացրեց, որ քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը, այդ պատճառով էլ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ, որոնցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ