Վերջերս բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն, առաջին անգամ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ երդում տվեցին:
Մասնավորապես` Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության կապիտան Սաշիկ Ավետիսյանը, Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության կապիտան Ռաֆիկ Դոխոյանը և նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության մայոր Աշոտ Ժամկոչյանը երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը շնորհավորեց նորանշանակ պետական ծառայողներին, մաղթեց արգասաբեր աշխատանք` հանուն օրենքի գերակայության ապահովման և հույս հայտնեց, որ վերջիններս արժանապատվորեն կպահպանեն երդման տեքստում հնչեցրած բոլոր խոստումները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն