Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնային պահպանման նորակառույց կենտրոններ Մխչյանում, Լանջազատում և Շատինում

Փետրվար 08,2016 15:43

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ նախ մասնակցել է Մխչյանի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնի բացման հանդիսությանը։ Նրանք շրջել են նորաբաց ամբուլատորիայով, ծանոթացել շենքային և նյութատեխնիկական պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ:

Արմեն Մուրադյանը շնորհավորելով կենտրոնում սպասարկվող բնակչությանը և բուժանձնակազմին` նշել է, որ առողջության պահպանման առաջնային օղակն իր տեխնիկական սարքավորումներով կծառայի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ ախտորոշմանը` ի նպաստ բնակչության առողջության պահպանման:
Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու հովիվ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարել է օրհնության կարգ:

Մխչյանի ԱԱՊԿ-ն նախկինում տեղակայված էր 1960-ական թթ. կառուցված, շուրջ 370 ք.մ տարածք զբաղեցնող շինությունում, որն անբարեկարգ վիճակում էր և 2010թ. համարվել է երկրորդ կարգի վթարային:

Ամբուլատորիայի նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. հուլիսին և ավարտվել դեկտեմբերին: 2015թ. Մխչյան համայնքում ներդրվել է շուրջ 62 մլն ՀՀ դրամ, որից շուրջ 61 մլնը` շինարարության, 1 մլնը` hամակարգչային սարքավորումների և բժշկական կահույք ձեռք բերելու նպատակով:

2000թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրով Մխչյանի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, պարագաներով և համակարգչային սարքավորումներով: Կենտրոնին տրամադրվել է նաև շտապօգնության մեքենա: 2015թ. ընթացքում ԱԱՊԿ-ն հագեցվել է լրացուցիչ բժշկական կահույքով և համակարգչային սարքավորումներով: Միաժամանակ ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի չորս բժիշկ և հինգ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և ընտանեկան բուժքույր: Նշենք, որ կենտրոնն սպասարկում է Մխչյան, Մրգավետ և Հովտաշեն համայնքների 7059 բնակչությանը:

Այնուհետև նախարարը և մարզպետը մասնակցել են Արարատի մարզի Լանջազատի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնի բացմանը։
ՀՀ կառավարության 2015թ. որոշմամբ Լանջազատի բուժական մանկաբարձական կետը վերակազմավորվել է առողջության առաջնային պահպանման կենտրոնի: Այս համայնքը ևս ընդգրկվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրում: Ամբուլատորիայում պետք է աշխատեն ծրագրի շրջանակում որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր մասնագիտացած մեկ բժիշկ և երեք բուժքույր: Կենտրոնի նախկին շենքը կառուցվել էր 1950 թվականին։ 42 ք.մ տարածքով մեկ հարկանի շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, չուներ կոյուղի և ջեռուցման համակարգ:
Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ. հուլիսին և ավարտվել 2016թ. հունվարին: Ընդհանուր առմամբ, Լանջազատ համայնքում ներդրվել է 64 մլն 400 հազար ՀՀ դրամ, որից մոտ 60 մլն-ը` շինարարություն և շուրջ 4.5 մլն-ը` սարքավորումներ և բժշկական կահույք:

Կենտրոնն սպասարկում է Լանջազատ և Բարձրաշեն համայնքների 2596 ազգաբնակչության:

Նույն օրը Արմեն Մուրադյանը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ մասնակցել է Վայոց ձորի Հռիփսիմե համայնքի առողջության կենտրոնի բացմանը։
Շատին համայնքը ևս ընդգրկվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրում: 2006թ. Հռիփսիմեի ԱԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով: 2015թ. ընթացքում բժշկական հաստատությանը տրամադրվել է լրացուցիչ բժշկական կահույք: Ինչպես նաև ծրագրի շրջանակում երկու բժիշկ և չորս բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր 1958-59թթ. և զբաղեցնում էր շուրջ 305.7 ք.մ: 1997-98թթ. «Փրկեք երեխաներին» բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կատարվել են վերանորոգման աշխատանքներ:

Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելն աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թ. հուլիսին և ավարտվել են նույն թվականի դեկտեմբերին: Ընդհանուր առմամբ, Շատին համայնքում ներդրվել է շուրջ 66.8 մլն ՀՀ դրամ, որից 66.1 մլն-ը` շինարարություն, 700 հազարը` բժշկական կահույք:
Կենտրոնը սպասարկում է Շատին, Հորս, Սալի, Քառագլուխ, Աղինջաձոր, Թառաթումբ, Առտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Սևաջայռ, Գետիկվանք համայնքների շուրջ 5800 բնակչության:

Նշենք, որ Մխչյանի, Լանջազատի և Շատինի կենտրոնների կառուցումն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում առաջացած տնտեսված միջոցներով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29