Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի՝ 2015թ-ը ամփոփող հաշվետվությանը:
Հանձնաժողովում 2015թ-ին քննարկվել են մասնավորապես հետևյալ հարցերը՝
· Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տեղեկատվության հավաքագրման նպատակով մշտադիտարկումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված խնդիրները
· Արփա-Սևան թունելի հիմնանորոգման կատարման ընթացքը
· «Բլեքստերգ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նավթի և գազի երկրաբանական հետազոտական աշխատանքների նախնական գնահատման հայտը
· Սևանա լճից ոռոգման նպատակով 2015թ-ի ջրի բացթողման հարցը և հավանություն է տվել 170 միլիոն խմ ջրբացթողման հայտին
· «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը
· Սոտքի ոսկու բաց հանքավայրի թափոնների հավաքման խնդիրը
· Կարճաղբյուր համայնքի ավտոմայրուղու ջրածածկվող հատվածի տեղափոխման խնդիրը
· Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը և դրանց վերացման պայմանները
· Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրածածկվող տարածքներում անտառահատման և թափոնների մնացորդների՝ ջրի որակի վրա բացասական ազդեցության և կանխարգելման միջոցառումները
· Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի, այլ ջրային և ցամաքային բույսերի և կենդանիների արհեստական և բնական վերարտադրության տեխնոլոգիական վերակառուցումների խնդիրները:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրին, Ջիլի կոնգլոբրեչիաների հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ հայտին:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն